կարևոր
4354 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-09 19:20
Հասարակություն

Թող Հայաստանի կյանքում սկսվի իրական խաղաղության շրջանը․ Գուրգեն Մելիքյան

Մենք նորից վերադառնալու ենք եռատոնը տոնելու. հավատացնում եմ ձեզ՝ մոտ է այդ օրը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում իր ելույթում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:

«Մեզնից խլել են մեր հավատը: Դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին պետականություն չունենալու պայմաններում: Այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին:

Մեզնից խլել են մեր հոգևորը, մեր արժանապատվությունը: Հավատացնում եմ ձեզ, խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը: Մենք պարտավոր ենք  սատար կանգնել հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինվորագրվել ենք հայոց գործին: Ճշմրտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ Հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանն արթնացրեց: Հավատացնում եմ, որ այդ ճշմարտությունը պետք է լինի յուրաքանչյուրիս տներում, մեր սրտերում: Մենք հավատում ենք վաղվան: Ուրեմն Հայաստանի կյանքում թող սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը»,-ասաց նա: