Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ երեկոյան անակնկալ մեկնել է Ադրբեջան: Այսօր կայացել են նրա հանդիպումներն ինչպես Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ նախագահ Իլհամ Ալիևի հետ: Չնայած այցը մատուցվում է առաջիկայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` Ադրբեջան կատարելիք այցի նախապատրաստության շրջանակներում, իրականում այն ուղղակի կապված է ռուսական ռազմական ինքնաթիռը թուրքական ՌՕՈՒ-ի կողմից կործանելուց հետո ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած գերլարվածության հետ: Դրա մասին է խոսում երկու հանգամանք: Նախ` այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Թուրքիան փաստացի կանգնած է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման նախաշեմին, երբ իր ինքնաթիռի կորստից հետո Հմեյմիմ ավիաբազայում` գրեթե Թուրքիայի սահմանին, Ռուսաստանը տեղակայում և մարտական վիճակի է բերում «С-400» զենիթահրթիռային համակարգը` սպառնալով խոցել Սիրիայի սահմանն անցնող թուրքական ցանկացած ռազմական ինքնաթիռ: Նման իրավիճակում գտնվող որևէ երկրի արտգործնախարար դժվար թե իրեն թույլ կտար արարողակարգային այց կատարել որևէ երկիր: Երկրորդ` այն մասին, որ Չավուշօղլուն մեկնելու է Ադրբեջան, հայտնի դարձավ այցից ընդամենը ժամեր, նույնիսկ րոպեներ առաջ` ցույց տալով Բաքու մեկնելու որոշումը կայծակնային արագությամբ կայացվելու իրողությունը: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, թե Չավուշօղլուի այցով Թուրքիան Ռուսաստանի դեմ «ղարաբաղյան ճակատ» է բացում: Թերթը վկայակոչում է նախօրեին նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի արած հայտարարությունը, թե Անկարան ամեն ինչ անելու է Հայաստանի «օկուպացրած» տարածքները, այդ թվում` ԼՂ-ն, Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ: Իրականում, սական, Չավուշօղլուի այցը ոչ թե այդ ճակատը Ռուսաստանի դեմ բացելու նախաձեռնություն է, այլ ընդամենը դրա նախազգուշացում, սպառնալիք: Անկարան փորձում է խաղարկել ղարաբաղյան «ճակատում» լարում առաջացնելու և Մոսկվայի համար նոր գլխացավանք ի հայտ բերելու «խաղաքարտը»: Այս այցի ենթատեքստային ուղերձը պարզ է: Եթե Ռուսաստանը գնում է Թուրքիայի հետ ռազմական արկածախնդրության, պետք է իմանա, որ Ուկրաինայից և Սիրիայից հետո թաղվելու է նաև երրորդ` հարավկովկասյան հակամարտության օջախում, որն իր համար լինելու է փաստացի երրորդ ճակատն Արևմուտքի դեմ: Դավութօղլուի` ԼՂ-ն Ադրբեջանին վերադարձնելու ակնարկն այն մասին է, որ Թուրքիան այդ դեպքում ամեն կերպ օժանդակելու է Ադրբեջանին` ստիպելով Մոսկվային այդ դեպքում դիրքավորվել Հայաստանի թիկունքում, ինչը նշանակելու է դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ անկողմնակալ միջնորդի կարգավիճակից, որի հետ արդեն չեն կարող համակերպվել ՄԽ մյուս համանախագահող երկրները` ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Այսինքն սա ուղիղ զգուշացում է, որ ղարաբաղյան հարցը կօգտագործի հերթական անգամ Ռուսաստանին այդ երկրների և ՆԱՏՕ-ի դեմ հանելու համար, ինչպես արեց ռուսական СУ-24-ը ոչնչացնելուց հետո ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրելով: Անկարան այս կերպ ցանկանում է նաև զգուշացնել Մոսկվային` ձեռնպահ մնալ Հայաստանի 102-րդ ռազմաբազան իր դեմ գործարկելու հնարավոր մտադրությունից: Այս իմաստով Չավուշօղլուի այցը Բաքու նույն ազդանշանն է պարունակում, ինչ հոկտեմբերի սկզբին թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանը միտումնավոր խախտելու դեպքերը: Հայաստանի համար ամենավտանգավորը հենց սա է: Փաստացի ստացվում է, որ ինչպես Ռուսաստանը կարող է ցանկացած պահի «թուրքերի հարցերը հայերի ձեռքով լուծելու» ժիրինովսկիական տրամադրություններով Հայաստանին ներքաշել Թուրքիայի հետ իր բախումների թատերաբեմ, այնպես էլ Թուրքիան է ցուցադրում ղարաբաղյան խնդրով պայմանավորված Ադրբեջանին այդ բախումներ ներքաշելու կարողությունը: Այսինքն, ռուս-թուրքական դիմակայությունը կարող է ձեռք բերել միջնորդավորված բնույթ, որտեղ Հայաստանը և Ադրբեջան կարող են հայտնվել ռուսական և թուրքական բախվող շահերի «միջնորդ»-ների դերում: Չի բացառվում նաև, որ Անկարան փորձում է այդ կերպ գործարք առաջարկել Մոսկվային. ղարաբաղյան «խաղաքարտն» չխաղարկելու դիմաց Պետդումայում շրջանառությունից հանել Հայոց Ցեղասպանության ճանաչման և քրեականացման օրինագիծը: Շատ ավելի հավանական է, սակայն, որ Չավուշօղլուն Բաքու էր մեկնել` խնդրելու նախագահ Ալիևին` Էրդողանի և Պուտինի միջև միջնորդի դեր ստանձնելու և նրանց հաշտեցնելու համար: Իսկ ադ առումով Ալիևն իսկապես հարմար թեկնածու է: Մի կողմից պարզ է, որ ռուս-թուրքական բախման խորացումը չափազանց բարդ դրության և ընտրության առջեւ կարող է կանգնեցնել Ադրբեջանին: Ալիևն ինքն է շահագրգռված Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության շուտափույթ մարման հարցում: Մյուս կողմից Ալիևը Պուտինի հետ բավականին լավ հարաբերություններ ունի և գուցե շանս ունի ազդելու ռուսական «մաչոյի» տրամադրության վրա: Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Ալիևն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է իր օգնութունն առաջարկել Թուրքիայի և Ռուսաստանի միջև անցանկալի լարվածությունը չեզոքացնելու համար: Սա նշանակում է, որ նա փաստացի ընդունել է միջնորդ դառնալու առաջարկը և սպասելու է Մոսկվայի արձագանքին: Սա, իհարկե, Անկարայի համար պահեստային տարբերակ է: Էրդողանը նախօրեին անձամբ է Պուտինին առաջարկել գալիք երկուշաբթի հանդիպել Փարիզում անցկացվող էկոլոգիական գագաթաժողովի շրջանակներում: Չի բացառվում, որ ՌԴ նախագահը կօգտվի այդ առաջարկից, մանավանդ որ ինքն է շահագրգռված թնջուկն ինչ-որ կերպ լուծելու հարցում: Չավուշօղլուի այցը կարող էր նաև էներգետիկ հարցերի առնչվել: Ինչպես հայտնի է` Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայում սպառվող գազի ամենախոշոր մատակարարը` ապահովելով այդ երկրի ներքին պահանջարկի մոտ 50 տոկոսը: Այս պահին Թուրքիան Ռուսաստանից գնում է տարեկան մոտ 30 մլրդ մխ գազ: Եթե հարաբերությունները շարունակեն սրվել, և, ուկրաինական օրինակով, Ռուսաստանն անցնի Թուրքիայի նկատմամբ գազային մտրակի մեթոդներին, ինչի հավանականությունն, իհարկե, փոքր է, ապա Թուրքիան կարող է մոտեցող ձմռանն ընդառաջ կանգնել լուրջ էներգետիկ խնդիրների առջև: Դրանից խուսափելու լավագույն միջոցը մյուս մատակարար երկրներից` Իրանից, Իրաքից, Նիգերից և իհարկե, Ադրբեջանից գնվող գազի ծավալները մեծացնելն է: Ներկայումս Թուրքիան Ադրբեջանից գազ է ստանում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի միջոցով, մոտ 6մլրդ խմ ծավալով, որը կազմում է այդ գազատարի թողունակության համարյա կեսը: Հաշվի առնելով, որ թուրքիան նաև ամենաէժան գազն է ստանում Ադրբեջանից, պետք է ենթադրել, որ Չավուշօղլուի այցի հիմնական նպատակներից մեկը կարող էր լինել մատակարարվող գազի ծավալների մեծացման, իսկ միջնաժամկետ կտրվածքով նաև` այդ գազատարի թողունակությունը կրկնակի բարձրացնելու հնարավորությունների քննարկումը:
Գևորգ Դարբինյան