կարևոր
5167 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-23 12:05
Քաղաքական

Մաս 1-ին (1988-2020թթ.)․ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ հարաբերություններում Եվրոպական խորհրդարանը և ղարաբաղյան հիմնախնդիրը․ Գևորգ Ղուկասյան

Մաս 1-ին (1988-2020թթ.)․ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ հարաբերություններում Եվրոպական խորհրդարանը և ղարաբաղյան հիմնախնդիրը․ Գևորգ Ղուկասյան

Ներկայումս, միջազգային կազմակերպությունների շրջանում Եվրոպական խորհրդարանը առանձնանում է ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ իր խիստ օբյեկտիվ դիրքորոշումներով։ Արցախի հարցը Եվրոպական խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եղել Ղարաբաղյան շարժման հենց սկզբից՝ 1988թ․ից։ Ցավոք սրտի, Եվրոպական Խորհրդարանի քաղաքական դիրքորոշումները ամբողջությամբ չէ, որ որդեգրվել են Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ Արցախին և Հայաստանի Հանրապետությանը վերջին օբյեկտիվ անդրադարձը Եվրոպական խորհրդարանի կողմից կատարվեց 2024թ․ փետրվարի 28-ին, երբ ընդունվեց ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներում։

Սույն և առաջիկա երկու հոդվածներով նպատակ ունենք հանրագումարի բերել Ղարաբաղյան հիմնախնդրում Եվրոպական միության քաղաքական վարքը՝ մանրակրկիտ վերլուծելով Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական միության խորհրրդի, Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված համապատասխան փաստաթղթերը։ Կարևոր է նկատել, որ Եվրոպական միության ղեկավար կառույցների շրջանում ինչպես բազմաթիվ տարբեր այլ խնդիրների պարագայում, առկա է դիրքորոշումների տարբերություն։ Հուսով ենք, սույն հոդվածաշարը կառարկայացնի «Հորիզոն»-ի ընթերցողի պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ համաեվրոպական կառույցների առնչության վերաբերյալ, և ըստ այդմ կօգնի գնահատել հիմնախնդրում ԵՄ քաղաքական վարքը։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Ուստի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օբյեկտիվ գնահատումը և իրավիճակին սթափ անդրադարձը կարևոր է քաղաքական ճիշտ պլանավորման և հանրային չարդարացված սպասումները բացառելու տեսանկյունից։

Սույն հոդվածում կանդադառնանք Եվրոպական Խորհրդարանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձևերին՝ սկսած 1988թ․ից։

Եվրոպական խորհրդարանը (այսուհետ` նաև ԵԽ, Խորհրդարան) ԵՄ հիմնարար փաստաթղթերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իր գործառնական նշանակությամբ ու առօրյա աշխատանքով, եվրոպական կառույցներից ամենաշատն է առնչվում ղարաբաղյան հակամարտությանը։

Եվրոպական խորհրդարանը ղարաբաղյան հակամարտությանը սկսել է առնչվել Ղարաբաղյան շարժման սկզբից։ 1988 թ. սկզբից մինչև 1994 թ. սկիզբը ԵԽ-ն ուղղակիորեն Արցախին առնչվող ավելի քան մեկ տասնյակ բանաձև է ընդունել։ Առաջինը 1988 թվականի մարտի 10-ի «Խորհրդային Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ ԵԽ բանաձևն»1 է, որտեղ առաջին անգամ արձանագրվում է. «Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում և ուշադիր հետևելու է ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների կողմից իրենց ինքնությունը, մշակույթը և ինքնավարությունը հաստատելու փորձերին»։ Հատկանշական է, որ բանաձևի անվանման մեջ որպես հակամարտության տարածք ոչ թե Ադրբեջանը կամ Լեռնային Ղարաբաղն են հիշատակվել, այլ Խորհրդային Հայաստանը։

Այնուհետև 1988 թվականի հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունում է «Սովետական Հայաստանի իրավիճակի վերաբերյալ»2  բանաձևը, որտեղ ասված է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (որի ներկայիս բնակչության 80%-ը հայ է) պատմական կարգավիճակը որպես Հայաստանի մաս, 1923-ին Ադրբեջանի ներսում այդ տարածքի կամայական ներառումը, ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը 1988-ի փետրվարին... վատթարացող քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է Սումգայիթում հակահայկական ջարդերի և Բաքվում բռնությունների լուրջ գործողությունների, ինքնին սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը...»: Ապա Խորհրդարանը «դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները, աջակցում է հայ փոքրամասնության պահանջին` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության հետ վերամիավորվելու համար»։ 

Այսպիսով, վերոհիշյալ երկու բանաձևերով Եվրոպական խորհրդարանը, ըստ էության, ոչ միայն չի առարկում հայկական կողմի՝ Արցախը Խորհրդային Հայաստանի կազմ փոխադրելու պահանջին, այլև լիովին ընդունում է դա՝ վկայակոչելով երկրամասի՝ 1923 թվականին Ադրբեջանի կազմում կամայական ներառման փաստը և, հաշվի առնելով պատմական իրողությունը, օգտագործում է վերամիավորում տերմինը։

1989 թվականի ընթացքում երկու անգամ՝ հունվար և մայիս ամիսներին, ԵԽ-ն բանաձևեր է ընդունել համապատասխանաբար «Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ»3 և ««Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակման վերաբերյալ»4 անուններով։

Այս բանաձևերում ԵԽ-ն մի դեպքում խստորեն քննադատում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունը, մյուս դեպքում՝ ողջունում 1989 թվականի հունվարի 12-ին «Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին»5 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու վերաբերյալ ընդունված բանաձևով ԵԽ-ն նաև կարծիք է հայտնում, որ «քաղաքական գործընթացները Հայաստանում ավելին են, քան Ղարաբաղի միացումը Հայաստանին, և նպատակ ունեն, ինչպես Բալթյան երկրներում, ժողովրդավարացնել խորհրդային պետության քաղաքական կյանքը»։

Այսպիսով, Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է ներհայաստանյան գործընթացների ժողովրդավարական բնույթը` այդպիսով լեգիտիմացնելով իր հստակ արտահայտված քաղաքական դիրքորոշումը։

Արդեն 1990 թվականի ընթացքում երկու անգամ՝ հունվար և մարտ ամիսներին, Եվրոպական խորհրդարանը հատուկ անդրադառնում է ղարաբաղյան հակամարտությանը. ընդունում է «Խորհրդային Հայաստանում իրավիճակի վերաբերյալ» անվանումը կրող երկու բանաձև6։

Այս բանաձևերի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ դրանցում կրկին խոսվում է 1923 թվականի որոշման անարդարացիության մասին և, ըստ էության, առաջին անգամ ԵԽ-ն կոչ է ուղղում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին՝ ներկայացուցչություն ուղարկել ԽՍՀՄ ղեկավարության մոտ՝ քաղաքական իրավիճակի գնահատման, Ադրբեջանում ապրող հայերի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու, Արցախի մեկուսացումը ճեղքելու և առաջին անհրաժեշտության ապրանքների անցկացումն ու հումանիտար բնույթի այլ գործողություններ ապահովելու համար։

ԵԽ-ն, ի թիվս այլ գործոնների, հիշատակում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության 75%-ի հայ լինելու փաստը, նաև նշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ՄԱԿ-ի և եվրոպական տարբեր մարմինների ներգրավվածությունը մեծացնելու անհրաժեշտությունը։

Վերը հիշատակված երկու բանաձևերից կարող ենք եզրակացնել, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունն ու ՄԱԿ-ը Խորհրդարանի կողմից քաղաքական ուղերձ են ստանում՝ մեծացնելու ներգրավվածությունը հակամարտության գոտում, ԵԽ դիրքորոշումներում հետզհետե ավելի խիստ է ընդգծվում ժողովրդի կամքին հակադրվելու Ադրբեջանի քաղաքականությունը, մեծանում է ուշադրությունը ստեղծված հումանիտար ճգնաժամի հանդեպ և այլն։

1991 թվականին խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքի հայկական բնակավայրերում կատարված էթնիկ զտումներին (և ոչ միայն դրան) Եվրոպական խորհրդարանը կոշտ անդրադարձ կատարեց 1991 թվականի մայիսի 16-ին ընդունված «Հայաստանում և Ադրբեջանում իրավիճակի վերաբերյալ»7 բանաձևով: Դրանից երկու ամիս առաջ՝ մարտի 14-ին, ընդունվել էր ԵԽ մեկ այլ բանաձև՝ «Հայաստանի շրջափակման և այնտեղ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ», որտեղ կրկին խոշոր հաշվով բարձրացվում են հումանիտար հարցեր, խոսվում է երկրաշարժի և ղարաբաղյան շարժման արդյունքում 500.000 անօթևան հայերի առկայության մասին և այլն8։

Հատուկ դիտարկման է արժանի մայիսի 16-ի բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը ցավակցություն է հայտնում Ղարաբաղում հայերի նկատմամբ բռնությունների կապակցությամբ և դատապարտում խորհրդային և ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ հերթական բռնությունները։ Ապա ԵԽ-ն խորհրդային իշխանություններին հորդորում է քայլեր ձեռնարկել, որոնք կապահովեն հայերի ֆիզիկական անվտանգությունը, տեղաշարժի ազատությունը, Ադրբեջանի կողմից շրջափակման վերացումը և մարդկանց վերադարձն իրենց տներ։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը առավել կոշտանում է 1992 թվականի փետրվարին ընդունված «Լեռնային Ղարաբաղին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ»9 բանաձևով, որն իր բնույթով կարելի է բեկումնային համարել։

Այսպիսով, ԵԽ-ն առաջին անգամ ադրբեջանական քաղաքականությունը որակում է որպես ագրեսիա՝ արձանագրելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ենթարկվել է շարունակական շրջափակման և ագրեսիայի, և որ 1991 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը սանձազերծել է աննախադեպ հարձակողական գործողություններ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ։ ԵԽ-ն նաև արձանագրում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների վրա ադրբեջանական ուժերի հարձակումը։

Ուշագրավ է նաև, որ բանաձևի կետերից մեկում Խորհրդարանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ժողովրդավարական կարգերով ընտրված լինելու փաստը՝ դրանով արտահայտելով իր քաղաքական կամքը ժողովրդավարական գործընթացների անշրջելիության նկատմամբ։

Եվրոպական խորհրդարանի կողմից 1993 թվականի հունվարի 21-ին ընդունված «Հայաստանի վերաբերյալ»10 բանաձևը նույնպես կարևոր է այն առումով, որ ԵԽ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում ԵԱՀԽ խաղաղ գործընթացին։ Դա մի հանգամանք է, որը ցայսօր կարևոր է դիտվում։ Նույն բանաձևով ԵԽ-ն կրկին բարձրաձայնում է շուրջ 300.000 հայ փախստականների հարցը, ինչպես նաև դիմում է Եվրոպական խորհրդին՝ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին օժանդակելու առումով։

Մինչև զինադադարի ստորագրումը՝ 1994 թվականի փետրվարի 10-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունեց ևս մեկ բանաձև՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ»11։ Այս բանաձևում, ի շարս արդեն իսկ նախադեպային որակումների, Եվրոպական խորհրդարանն ընդգծեց հետևյալը. «Անկախացումից ի վեր Հայաստանն իրական ջանքեր է գործադրել սահմանադրական պետություն կառուցելու ուղղությամբ՝ հիմնված ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վրա, և ձեռնարկել է տնտեսական բարեփոխումներ՝ բնակչության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, մինչդեռ հակամարտության ազդեցությամբ այդ ջանքերը սպառնալիքի տակ են»։

Այսպիսով, հերթական անգամ ԵՄ խորհրդարանը մատնանշում է Հայաստանում կատարվող իրադարձությունների ժողովրդավարական բնույթը՝ անցկացնելով քաղաքակրթական զուգահեռներ։

Պայմանավորված ԵԱՀԽ շրջանակներում 1992 թ. մեկնարկած բանակցային գործընթացի տրամաբանությամբ՝ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ մանդատով ու համանախագահության ձևաչափով, ինչպես նաև հրադադարի հաստատմամբ, Եվրոպական խորհրդարանի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևերի ընդունման դինամիկան կտրուկ փոփոխվեց։

Դրանից հետո Եվրոպական խորհրդարանը ղարաբաղյան հակամարտությանն ուղղակի և խիստ ուշագրավ անդրադարձ կատարեց 1999 թ. մարտի 11-ի «Կովկասում խաղաղ գործընթացներին աջակցելու վերաբերյալ»12 պատմական բանաձևով, որով ԵԽ-ն հաշվի է առնում Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հանգամանքը և արձանագրում է. «Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը` հետևելով միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունմանը»։ . «Ժողովրդավարության ամրապնդումը և մարդու իրավունքները հարգելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նախադրյալներ են»։

Այս բանաձևի ընդունումը խիստ կարևոր է երկու հարթության մեջ: Նախ՝ ԵԽ-ն, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի անկախությունը դիտում է ԽՍՀՄ ներքին օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում, երկրորդ՝ կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում կարևորում է ժողովրդավարական զարգացումները։ Վերջինս կարող է քննարկման նյութ լինել նաև Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններում այն իմաստով, որ ԵՄ-ն անկախ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի տարածքում ժողովրդավարական ինստիտուտների և կարգերի զարգացման գործում, մի բան, ինչին Արցախը տարիներ շարունակ պաշտոնապես պատ­րաստ էր, իսկ ԵՄ-ն, պայմանավորված ադրբեջանական ճնշմամբ, պատրաստ չէ։

Այս բանաձևից հետո Եվրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն սկսեց անդրադառնալ որոշակի գործողությունների, իրեն վերապահված փաստաթղթերի քննարկման, փոփոխման կամ ընդունման համատեքստում։

Այսպիսով, ակնհայտ է, որ 1988-2020թթ․ Եվրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրում առավելապես համընկել է հայկական պետությունների դիրքորոշումներին, խորհրդարանը օբյեկտիվ է գնահատել Արցախում ստեղծված իրավիճակն ու հընթացս զարգացումները։  2020, ապա 2023թթ․ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված նոր իրավիճակի պայմաններում Եվրոպական խորհրդարանի, ապա Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքին և այդ դիրքորոշումների հաճախ տրամագծային տարբերությանը կանդրադառնանք հաջորդիվ։

 

Շարունակելի։


1․ European Parliament Resolution on recent events in Soviet Armenia, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-recent-events-in%C2%B7soviet-armenia-joint-resolution-replacing-docs-b2-39-47-and-6788/

2․ European Parliament Resolution on the situation in Soviet Armenia, http://www.nkr.am/en/documents/1988-07-07-EuroParl-Resolution-on-situation-in-Armenia

3․ European Parliament Resolution on repression in Soviet Armenia, http://karabakhfacts.com/wp-content/uploads/2013/12/c_04719890220en01210152.pdf

4․ European Parliament Resolution on the release of the members of the Karabakh Committee, 25 May 1989, https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/39d0daab-1473-459d-9e66-677284277ec6/language-en

5․ Указ Президиума Верховного Совета СССР от 12 января 1989 года․ https://rusneb.ru/catalog/000202_000006_b1d693e6-20d8-4023-9334-aedece99f415_70326/

6․ European Parliament resolution on the situation in Armenia 18.01.1990, http://www.nkr.am/sites/default/files/europarl_resolution_on_situation_in_armenia_18-01-1990.pdf, European Parliament resolution on the situation in Armenia 15.03.1990, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-the-situation-in-armenia-doc-b3-55690/

7․ European Parliament Resolution on the situation in Armenia and Azerbaijan, http://www.nkr.am/sites/default/files/1991_05_16_european_parliament_resolution_on_the_situation_in_armenia_and_azerbaijan.pdf

8․ European Parliament Resolution on the blockade of Armenia and the human rights situation there, http://www.nkr.am/sites/default/files/1991_03_14_europarl_resolution_on_blockade_of_armenia.pdf

9․ European Parliament Resolution on aid to Nagorno Karabakh, http://www.nkr.am/sites/default/files/ 1992_02_13_european_parliament_resolution_on_aid_to_nagorno_karabakh_b3-0155_92.pdf

10․ European Parliament Resolution on Armenia, http://www.nkr.am/sites/default/files/1993_01_21_european_parliament_resolution_on_armenia.pdf

11․ European Parliament Resolution on the conflict between Armenia and Azerbaijan, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-the-conflict-between-armenia-and-azerbaijan-b3-0181-0186-0188-0197-and-020494/

12․ European Parliament Resolution on support for the peace process in the Caucasus https://publications.europa.eu/en/publication-detail/-/publication/1c8edb49-c670-426d-bc4f-267f0d5509a4

 

Գևորգ Ղուկասյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու