Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ երկու հոդվածներում ամփոփել ենք Եվրոպական միության ղեկավար հաստատություններից Եվրոպական խորհրդարանի քաղաքական մոտեցումները ղարաբաղյան հակամարտության և առհասարակ Հայաստանի հետ հարաբերություններում։ Ինչպես նախորդիվ էինք նկատել՝ ցավոք, անցնող ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Խորհրդարանի դիրքորոշումը ԵՄ իշխանության գործադիր մարմինների համար ուղենշային նշանակություն առավելաբար չունեցավ։ Այնուամենայնիվ, ՀՀ-ԵՄ հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Այդ հարաբերությունների էությունը և դրանցում ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը հասկանալու համար, անհրաժեշտ ենք համարում սույն հոդվածաշարի այս վերջին մասով անդրադառնալ ՀՀ-ԵՄ հարաբարեություններին՝ ԵՄ գործադիր իշխանության քաղաքական առաջնահերթությունների ու ծրագրերի իրականացման շրջանակում։ Միջանկյալ նշենք, որ Եվրոպական միության գործադիր իշխանությունը կազմում են Եվրոպական խորհուրդը, Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը։
Եվրոպական հանձնաժողովի քաղաքական վարքը ղարաբաղյան հիմնախնդրում
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները ինստիտուցիոնալ հենքի վրա դրվեցին 1996 թվականից, երբ ՀՀ և ԵՄ միջև ստորագրվեց և 1999-ից ուժի մեջ մտավ «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագիրը: Դրանից հետո, հիմնական քաղաքական դիրքորոշումները ձևավորվում, իսկ բովանդակային բանակցություններն իրականացվում էին հենց ԵՄ հանձնաժողովի կողմից։
Մինչև վերջերս ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղավորվում էին և մասամբ՝ տեղավորվում են ԵՄ հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության (ԱլԳ) շրջանակներում։ Ուստի ղարաբաղյան հակամարտությանը ԵՄ առնչությունը ստորև կվերլուծենք ԱլԳ, ինչպես նաև 2017 թվականի նոյեմբերին ստորագրված և արդեն ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակներում։
Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել Արևելյան գործընկերության վեց գագաթնաժողով, որոնց հռչակագրերի վերլուծությունները կարևոր են հասկանալու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումներն ու դրանց փոփոխությունները։
Այսպես, Արևելյան գործընկերության՝ Պրահայի 2009 թվականի մայիսի 7-ի1 և Վարշավայի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի2 գագաթնաժողովները ղարաբաղյան հակամարտությանն անվանական անդրադարձ չեն կատարում։ Պրահայի գագաթնաժողովն ընդհանրական առումով ընդամենը նկատում է, որ «հակամարտությունները խոչընդոտում են համագործակցությունը, ուստի Պրահայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև այդ շրջանակներում ընդունված միջազգային փաստաթղթերի ու քննարկումների հիման վրա»: Վարշավայի գագաթնաժողովը նույնպես մեծ հաշվով կրկնում է Պրահայի գագաթնաժողովի տեքստը՝ նկատելով, որ «հակամարտությունների կարգավորումը, լավ և վստահելի հարևանության ձևավորումը կարևոր են տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման և գործակցության համար»։
Այսպիսով, պարզ է, որ Եվրոպական միությունը ԱլԳ տարածաշրջանի հակամարտություններին տարբերակված մոտեցում չէր ցուցաբերում, մինչդեռ այդ հակամարտությունները ծագումնաբանական առումով և ներկա իրավիճակով միմյանցից բավականաչափ տարբեր են։ Բացի այդ, ԱլԳ անդամ երկրները, յուրաքանչյուրն իր շահից ելնելով, պետք է առավել բարենպաստ ձևակերպումներ պահանջեին։ Խոսքն առաջին հերթին Վրաստանի և Ուկրաինայի մասին է։ Հետևաբար, Եվրոպական միությունը չէր կարող հակամարտություններին անդրադառնալ համահարթեցման սկզբունքով՝ առանց տարբերակված մոտեցման, պարզ ասած՝ ԵՄ-ն չէր կարող ԱլԳ ամբողջ տարածաշրջանի հակամարտությունների լուծման բանաձև տեսնել, օրինակ, տարածքային ամբողջականության սկզբունքը։
Բացի այդ, Վարշավայի գագաթնաժողովից հետո սկիզբ առած քաղաքական զարգացումները հանգեցրին Վիլնյուսի 2013 թվականի նոյեմբերի 28–29-ի գագաթնաժողովի անարդյունավետությանը, երբ ԱլԳ տարածաշրջանի երկրներում լարվում էին աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված քաղաքական գործընթացները, իսկ Հայաստանն առհասարակ հրաժարվեց ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից։ Խնդիրը կրկին ԵՄ կողմից տարբերակված մոտեցման բացակայությունն էր ոչ միայն հակամարտությունների համատեքստում, այլև առհասարակ երկրների հետ համագործակցության առումով։ ԱլԳ անդամ որոշ երկրներ և հատկապես Հայաստանը պահանջում էին, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը չհակադրվի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, և մի կողմի հետ հարաբերությունները չլինեն ի հաշիվ մյուսի։ Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը հրաժարվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ինչպես նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը՝ առաջարկելով ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը միայն, ինչը ԵՄ-ն մերժեց։ Այնուամենայնիվ, Վիլնյուսի գագաթնաժողովը որոշիչ էր Արևելյան գործընկերության փիլիսոփայության փոփոխության մեկնարկի առումով, քանի որ առհասարակ վտանգված էր արևելյան ուղղությամբ ԵՄ հարևանության քաղաքականության ապագան։ Հետևաբար, վիլնյուսյան գագաթնաժողովը որոշակիորեն ազդվեց առկա քաղաքական գործընթացներից և իր հռչակագրում, թեև ոչ հիմնավոր, բայց ընդգծեց տարբերակված քաղաքականության կարևորությունը, ինչն իր հերթին «հնարավորություն կընձեռի առանձին գործընկերներին՝ առավել լավ գնահատելու իրենց ձգտումներն ու կարիքները»3։
Վիլնյուսի գագաթնաժողովն առաջինն էր, որ անվանական անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդամենը կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Եվրոպական հարևանության քաղաքականությունը և Արևելյան գործընկերությունը էական վերաձևումների ենթարկվեցին 2014 թ. համաեվրոպական ընտրություններից հետո։ Նոր ձևավորված Եվրոպական հանձնաժողովն ընդունեց ճգնաժամի հասած Արևելյան գործընկերության քաղաքականության սխալները և սկսեց ԱլԳ նոր ճարտարապետությունը։ 2015 թվականի մարտի 4-ին, Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումները ներկայացնելիս, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆ. Մոգերինին ասաց. «Մեզ անհրաժեշտ է վերանայել մեր քաղաքականությունը, մեր աշխատաոճը և գործընկերությունը տարածաշրջանի երկրների հետ, քանի որ պետք է դատապարտող մոտեցումը փոխարինել քաղաքական երկխոսությամբ, ավելի գործընկերային բնույթ տալ դրան՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով»4: Նույն հանդիպման ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը նշեց. «Պետք է ավելին անենք ճանաչելու համար մեր գործընկերների խիստ տարբերակվածությունը։ Ոմանք ուզում են ավելի սերտ ինտեգրվել մեզ, ուստի մենք պետք է մտածենք, թե հետագա ինչ քայլեր են հնարավոր: Ոմանք ուզում են տարաբնույթ հարաբերություններ ունենալ մեզ հետ. այս դեպքում էլ պետք է որոշենք, թե ինչպես կարող ենք օպտիմալ հարաբերություններ հաստատել, հնարավոր է՝ նոր ձևաչափերով» ։ Հանն ընդգծեց նաև, որ ասոցացման համաձայնագիրը չստորագրած երկրների հետ հարաբերությունների նկատմամբ հետևողական լինելու և նրանց համար համագործակցության նոր ոլորտներ ապահովելու անհրաժեշտություն կա։
Այս հայտարարություններին հաջորդեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը՝ 2015 թ. մայիսի 21–22-ին: Արդեն ակնհայտ դարձավ գործընկերների հետ ԵՄ հարաբերությունների տարբերակված մոտեցումը: Գագաթնաժողովի հայտարարության մեջ ասվում է. «Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են գործընկերներից յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը՝ ազատորեն ընտրելու հավակնությունների մակարդակը և նպատակները, որոնց նա ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերություններում։ ԵՄ-ն և նրա ինքնիշխան գործընկերները պետք է որոշեն, թե ինչպես են ցանկանում շարունակել իրենց հարաբերությունները»5։
Նոր՝ տարբերակված քաղաքականությունն արտացոլվեց նաև հակամարտություններին վերաբերող ձևակերպումներում։ Ռիգայի գագաթնաժողովից հետո Եվրոպական միությունն ընդունեց Արևելյան գործընկերության տարածքում առկա հակամարտությունների ծագումնաբանական տարբերությունը։ Հայաստանին հաջողվեց ղարաբաղյան հակամարտությունը դուրս բերել այն հակամարտությունների շրջանակից, որոնք Եվրոպական միությունը դիտում է որպես ռուսական գործունեության արդյունք։
Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում ղարաբաղյան հիմնախնդրի ազդեցությունը հասկանալու առումով Ռիգայի գագաթնաժողովի հայտարարությունը չափազանց կարևոր է։ Ռիգայի գագաթնաժողովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ընդգծեց Մինսկի խմբի համանախագահների՝ ներառյալ համանախագահ երկրների նախագահների լիարժեք աջակցությունը միջնորդական ջանքերին և նրանց հայտարարություններին՝ 2009 թվականից ի վեր:
Ուստի կարող ենք փաստել, որ Արևելյան գործընկերության նոր ճարտարապետության համար կենսական նշանակություն ունեցող Ռիգայի գագաթնաժողովը լիովին սատարելու պատրաստակամություն հայտնեց մինսկյան բանակցային գործընթացին և համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններին, որոնք ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության իրավունքն ամրագրում են որպես հակամարտության կարգավորման սկզբունք։
Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովը գումարվեց Բրյուսելում 2021 թ. դեկտեմբերի 15-ին։ Գագաթնաժողովի հայտարարության տեքստը նախորդների նման հակամարտություններին տարբերակված անդրադարձ չէր կատարում, այլ ընդհանրական ձևակերպումներով անդրադառնում էր Արևելյան գործընկերության տարածքի հակամարտություններին՝ նշելով, որ դրանք պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա6։
Վերափոխված Եվրոպական հարևանության քաղաքականությունն ու Արևելյան գործընկերությունը նախ արտացոլվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում։ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար հիմնադրութային նշանակության նոր՝ «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը», որը նախաստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 27-ին, Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Համաձայնագիրը, ըստ էության, կրկնում էր ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախագծի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը համաձայնեցված էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պահանջներին։
Առանձնացնենք համաձայնագրի որոշ կարևոր դրույթներ և փորձենք քննարկել դրանց կարևորությունը:
1․ Համաձայնագրում հստակ նշված է բանակցային գործընթացի ձևաչափը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։
2․ Համաձայնագրում նշվում է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա»։ Այստեղ շատ կարևոր է «նպատակներ և սկզբունքներ» ձևակերպումը։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում հատուկ անդրադարձ կատարել տարածքային ամբողջականության սկզբունքի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարաբերակցությունը։ Բանն այն է ՄԱԿ-ը, իր կանոնադրությամբ, սահմանում է նպատակներ և այդ նպատակների կատարմանը նպաստող սկզբունքներ: Այլ խոսքով՝ մի դեպքում գործ ունենք իրավունքի, մեկ այլ դեպքում՝ այդ իրավունքի կենսագործումն ապահովելուն կոչված սկզբունքի հետ։ Հետևաբար դրանք չեն կարող հակադրվել իրար։
Ստացվում է, որ հիշյալ համաձայնագրում առկա դրույթները շատ կարևոր են ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման համատեքստում ներկայացնելը բացառելու, ինչպես նաև այն առումով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը բացառապես պետությունների միջև հարաբերությունների հարթությունում է և ոչ թե ինքնորոշվող սուբյեկտ-պետություն հարաբերության
Համաձայնագրում ամրագրված է նաև ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը, ինչը կրկին ամբողջապես տեղավորվում էր Հայաստանի պետական դիրքորոշման շրջանակներում։
3․ Համաձայնագրում հստակ նշվում է «ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարությունների» ընդունման կարևորությունը։ Այսինքն, ըստ էության բացառվում է նախկինում արված միակողմանի և հակասական հայտարարությունները։
Եվրոպական միության խորհուրդ
Ինչ վերաբերում է Եվրոպական միության խորհրդին՝ որպես Եվրոպական միության իշխանության օրենսդիր և գործադիր ուժեղացված լիազորություններ ունեցող ղեկավար մարմին, դրա առնչությունը հակամարտությանը անհրաժեշտ ենք համարում դիտարկել երկու կարևոր փաստաթղթի միջոցով։ Առաջինը Եվրոպական խորհրդի 2012 թվականի փետրվարի 27-ի եզրակացությունն է7:
«Հարավային Կովկասի վերաբերյալ Խորհրդի եզրակացությունը» վերնագրված փաստաթղթի վերջին կետով Խորհուրդն անդրադառնում է ղարաբաղյան հակամարտությանը: Վերահաստատելով Եվրոպական միության հանձնառությունը` միջոցառումներ իրականացնել կողմերի միջև վստահության ամրապնդման համար՝ ԵՄ-ն «ընդգծում է ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»։
Արդեն 2019 թվականի մարտի 15-ին Եվրոպական միության խորհուրդը հրապարակում է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրեն հասցեագրված «Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության շրջանակներում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց» փաստաթուղթը8։ Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձի հատվածում խոսվում է ինչպես հակամարտության գոտում ԵՄ ներգրավվածության մեծացման, կողմերի միջև շփումները խրախուսելու կարևորության մասին, այնպես էլ ընդգծվում է, որ «Եվրոպական միությունը շարունակում է կոչ անել ԵՄ ներկայացուցիչներին` Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի համար ներգրավվել հակամարտության փոխակերպման գործընթացում՝ որպես աջակցություն և փոխլրացում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին»:
Համաձայն Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցչի գրության, որն իբրև պատգամավորական հարցման պատասխան ուղարկվել էր ԵԽ պատգամավորներին, պարզվում է, որ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամերի հարցերով ԵՄ ներկայացուցիչը 2004 թվականին այցելել էր Արցախ9։
Եվրոպական խորհուրդ
Եվրոպական խորհուրդը, իբրև Եվրոպական միության ղեկավար անձանցից բաղկացած մարմին, ղարաբաղյան հակամարտությանը ծավալուն անդրադարձներ, որպես այդպիսին, չի կատարել մինչև 2020 թ. ադրբեջանական ագրեսիան։ Պատերազմի և էթնիկ զտման հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված բոլորովին նոր իրավիճակը, 2022 թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, դրանով պայմանավորված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության գուցե ժամանակավոր կաշկանդումը Եվրոպական խորհրդի համար պարարտ հող էին ստեղծել
ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում միջնորդական դերակատարություն ստանձնելու համար, ինչը ողջունել է նաև ԵԱՀԿ լեհական նախագահությունը։
Հանրագումարելով նշենք, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջությամբ կաշկանդվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած եռակողմ հարթակը կարևոր դարձավ բանակցային գործընթացը շարունակելու առումով, որի միակ շոշափելի արդյունքը թերևս հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումն էր։ Միաժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ այդ բանակցությունների ձախողմանը, որի պայմաններում Եվրոպական միությանը, ինչպես միջազգային այլ ուժային կենտրոնների, չհաջողվեց կանխել Արցախի էթնիկ զտումը։ Հաշվի առնելով ղարաբաղյան հիմնախնդրի` միջազգային իրավունքի համաձայն լուծված չլինելու փաստը, անհրաժեշտ է Եվրոպական միության հետ մշակել համապատասխան քաղաքական օրակարգ, որի իրականացումը կապահովի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումն ու արժանապատիվ կյանքի ապահովման անվտանգային երաշխիքները։ Այս առումով, հայկական կողմը, իբրև դաշնակից ունի Եվրոպական խորհրդարանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում մեկնարկած բանակցային գործընթացում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հիմնական փաստաթղթերում ԵՄ դիրքորոշումը գոնե մինչև 2020 թ. ամբողջապես համընկնում էր ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը վերջնականապես ամրագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում։ Ինչ վերաբերում է ներեվրոպական իրականությանը, ապա ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի խնդիրների վերաբերյալ 1980-ականներից ցայսօր Եվրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշման և ԵՄ գործադիր իշխանության միջև կա մոտեցումների խիստ տարբերակվածություն, ուստի հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական միտքը պետք է կենտրոնանա այս հակասությունը հնարավորինս մեղմելու վրա։
1․ Joint Declaration of the Prague Eastern Partnership Summit, Prague, 7 May 2009, https://www.consilium.europa.eu/media/31797/2009_eap_declaration.pdf
2․ Joint Declaration of the Eastern Partnership Summit, Warsaw, 29–30 September 2011, https://www.consilium.europa.eu/media/31798/2011_eap_warsaw_summit_declaration_en.pdf
3․ Joint Declaration of the Eastern Partnership Summit, Vilnius, 28–29 ovember 2013, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/EN/foraff/139765.pdf
4․ Joint press conference by High Representative/ Vice-President Federica MOGHERINI and Commissioner Johannes HAHN on European Neighborhood Policy Review, Brussels, 04 March 2015, https://europa.eu/rapid/press-release_SPEECH-15-4553_en.htm
5․ Joint Declaration of the Eastern Partnership Summit, Riga, 21–22, May 2015, https://www.consilium.europa.eu/media/21526/riga-declaration-220515-final.pdf
6․ Joint Declaration of the Eastern Partnership Summit (Brussels, 15 December 2021), https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/news/eastern-partnership-summit-joint-declaration-2021-12-15_en
7․ Council conclusions on the South Caucasus, 3149th FOREIGN AFFAIRS Council meeting Brussels, 27 February 2012, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_data/docs/pressdata/EN/foraff/128197.pdf
8․ Report on EU - Azerbaijan relations in the framework of the revised European Neighbourhood Policy, https://eeas.europa.eu/sites/eeas/files/2019_report_on_eu-azerbaijan_relations_in_the_framework_of_the_ revised_european_neighbourhood_policy_0.pdf
9․ Answer given by Vice-President Mogherini on behalf of the Commission, 29 march 2018 http://www.europarl.europa.eu/doceo/document/E-8-2018-000464-ASW_EN.html
Գևորգ Ղուկասյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու