կարևոր
6670 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-23 16:34
Քաղաքական

Մաս 2-րդ (2020-2024թթ.)․ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ հարաբերություններում Եվրոպական խորհրդարանը և ղարաբաղյան հիմնախնդիրը․ Գևորգ Ղուկասյան

Մաս 2-րդ (2020-2024թթ.)․ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ հարաբերություններում Եվրոպական խորհրդարանը և ղարաբաղյան հիմնախնդիրը․ Գևորգ Ղուկասյան

2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության շուրջ սանձազերծված և պատերազմական հանցագործություններով ուղեկցված ագրեսիայից հետո հիշատակման են արժանի Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված, ղարաբաղյան հակամարտությանն ուղղակիորեն վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության կատարողականի 2021 թ. ամենամյա զեկույցում Խորհրդարանը նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման գործում միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը։ Այս փաստաթղթով, ի հակադրումն պաշտոնական Բաքվի դիրքորոշման, ԵՄ Խորհրդարանը ղարաբաղյան հակամարտությունը համարում է չլուծված, իսկ իբրև լուծման ճանապարհ առաջարկում է հիմնարար երեք սկզբունքների կիրառումը1։ Նույն փաստաթղթի կատարողականի վերաբերյալ 2022 թ. զեկույցը2, որն ընդունվել է 2023 թ. հունվարին, նույնպես վերահաստատում է ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Խորհրդարանի դիրքորոշումը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքների վրա: Միաժամանակ, պայմանավորված ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայով, այդ զեկույցը պաշտոնական Բաքվի նկատմամբ պարունակում է ավելի կոշտ ու հասցեական դիրքորոշում։

Եվրոպական խորհրդարանը տարբեր ձևաչափերով անդրադարձել է նաև հայ ռազմագերիների խնդրին: 2021 թ. մարտի 20-ին ընդունված բանաձևով Խորհրդարանն Ադրբեջանից պահանջում է հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանություն3։

2021 թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը ԵՄ հանձնաժողովի՝ Թուրքիային վերաբերող զեկույցի վերաբերյալ բանաձև է ընդունում, որտեղ մտահոգություն է հայտնում Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում տեղակայված ջիհադիստ վարձկաններին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու առթիվ՝ քննադատելով այդ քայլը4։

Եվրոպական խորհրդարանը բավական խիստ անդրադարձ է կատարել Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և պատկանելիության նենգափոխման խնդրին։ 2022 թ. մարտի 10-ին Խորհրդարանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացում» անվանումով բանաձև5։ Մանրամասն անդրադառնալով խնդրի էությանը՝ Խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում քննադատել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է որպես այդ երկրում պետական մակարդակով տարվող, համակարգված հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում առաջին անգամ օգտագործվում է «արմենոֆոբիա» եզրույթը։ Շեշտվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումից բացի, Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումներից են նաև պատմության սրբագրումը, հայերի նկատմամբ բռնության փառաբանումը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղությունը և խաթարում անվտանգությունը Հարավային Կովկասում։ 

Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծավալապաշտական, ռազմատենչ քաղաքականությունը և կոչ է անում Ադրբեջանին հրաժարվելու առավելապաշտական նկրտումներից։ Բանաձևում նաև շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս կարգավորված չէ, և որ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է նաև անհապաղ թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին իրականացնելու իր առաքելությունը տեղում՝ խորհրդակցելով նաև հայ մասնագետների հետ, և առաջարկում է փաստերն արձանագրելու համար օգտագործել Եվրամիության արբանյակային հնարավորությունները։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով և վնասելով, այլև պատմությունը կեղծելով և դրանք որպես Կովկասյան Ալբանիայի ժառանգություն ներկայացնելով։ Այս համատեքստում նշվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից սույն տարվա փետրվարին աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը պատմության սրբագրումն է6։

Եվրոպական խորհրդարանը ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձել է նաև 2023 թ. հունվարի 19-ին՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները»7 բանաձևը, որով դատապարտել է Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղը շրջափակման ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը։

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում 2023 թ. մարտի 15-ին ընդունվել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ 2021-2022 թթ. զեկույցները8, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և Եվրամիության դերին՝ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու գործում:

Այս երկու զեկույցները վերահաստատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Եվրախորհրդարանն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների (մասնավորապես՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքների վրա։

Երկու զեկույցներում էլ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկույցում նշվում է բազմաթիվ հայ ռազմագերիների նկատմամբ ֆիզիկական բռնության, ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նվաստացնելու և խոշտանգումների ենթարկելու մասին:

Եվրախորհրդարանի` Հայաստանի մասին զեկույցում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրն է։

Եվրախորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտավորությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը կատարելու վերաբերյալ: Այդ որոշմամբ Ադրբեջանից պահանջվում է ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի դեմ, եթե Դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Եվրոպական խորհրդարանը 2023 թ. հոկտեմբերի 5-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների մասին» բանաձևը: Դրանով Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, դժգոհություն հայտնում Եվրոպական խորհրդին և հանձնաժողովին՝ վերահաս աղետի վերաբերյալ իր կողմից պարբերաբար հնչեցված ահազանգերը անտեսելու վերաբերյալ, ինչպես նաև կոչ է անում կասեցնելու Եվրոպական միության և Ադրբեջանի միջև Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կիրարկումը9։ 

Հայկական շահերի հետաքրքրության տեսանկյունից կարևոր են նաև Եվրոպական խորհրդարանի կողմից 2024թ․ փետրվարի 28-ին ընդունված ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման10, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ11 տարեկան զեկույցները, որոնք հիշատակման արժանի կետեր են պարունակում Հայաստանի Հանրապետության դիմագրաված մարտահրավերների, Արցախի խնդրի, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և դրան եվրոպական պատշաճ հակազդեցության անհրաժեշտության վերաբերյալ։

ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցում, Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը, պաշտոնական Բաքվին հորդորում է ապահովել հայ բնակչության ապահով վերադարձը Արցախ՝ միաժամանակ տրամադրելով իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։ Եվրոպական խորհրդարանը, ի թիվս այլնի, նաև պահանջում է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պաշտպանություն՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքվի հարձակումը որակում է որպես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ձեռք բերված պարտավորությունների կոպիտ խախտում։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաև նկատում է, որ իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության։ Խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը հնարավոր է համարում միայն այդ երկրում մարդու իրավունքների հարգման զգալի առաջընթացի պարագայում՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Եվրախորհրդարանն այնուհետև Եվրոպական միության գործադիր իշխանությանը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Ի թիվս այլնի, Եվրոպական խորհրդարանը աջակցություն է հայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կոչ է անում  ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորման ջանքերին: Խորհրդարանը նաև Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով:

ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ զեկույցը նաև պարունակում է դրույթներ, որոնք համընկնում են մյուս զեկույցի դրույթների հետ: Բացի դրանցից, այս զեկույցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, ներառյալ, բայց չսահմանափակվելով նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով,  ինչպես նաև  ցանկացած դեպքում բացառել Ադրբեջանից նավթի և գազի ներկրումը12։ 

Օրեր առաջ, 2024թ․ մարտի 13-ին, Եվրոպական խորհրդարանն ծավալուն անդրադարձ կատարեց Հայաստանին՝ ընդունելով թերևս աննախադեպ բովանդակությամբ մի բանաձև13՝ «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» վերտառությամբ։

Ի թիվս այլ դրույթների, Եվրոպական խորհրդարանն առաջին անգամ առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռված է և համապատասխանում է «Կոպենհագենյան չափանիշներին»։ Խորհրդարանն Ադրբեջանին նախազգուշացնում է Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության դեպքում որոշակի քայլերի վերաբերյալ, ինչպես նաև ընդգծում է, որ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի հետ կապը ապահովման խնդիրը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում։

Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվել Արցախի հայության հետ՝ ապահովելու նրանց իրավունքների իրացումն ու երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության պարագայում արժանապատիվ և ապահով վերադարձի իրավունքը։ Խորհրդարանն անգամ ևս ընդգծում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ ինչպես համընդհանուր, այնպես էլ անհատական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը այն սուբյեկտների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Մեկ այլ կարևոր դրվագում Եվրոպական խորհրդարանն ընդունում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը։   

Կարելի է պնդել, որ այս բանաձևն իր բնույթով որոշակիորեն տարբեր է նախորդ բանաձևերից նաև իր հակառուսական ընդգծված ուղղվածությամբ։ Այստեղ պետք է նկատել, որ Եվրոպական խորհրդարանում կան իրապես Հայաստանի ու հայության նկատմամբ բարեկամաբար տրամադրված գործիչներ, կան նաև այնպիսինները, որոնք ցանկանում են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն ու հայ հասարակության հույզերն օգտագործել Հայաստանի միջոցով Ռուսաստանին հավելյալ հարված հասցնելու նպատակով։ Այդ շրջանակների առաջնային նպատակը ոչ թե հայ-եվրոպական հարաբերությունների զարգացումն ու Հայաստանի անվտանգության բարձրացումն է, այլ Ռուսաստանին հավելյալ հարվածներ հասցնելը։ Ուստի հայ քաղաքական միտքը եվրոպական ուղղության վրա այս նրբությունը հաշվի առնելու խնդիր ունի՝ մի կողմից ՀՀ-ԵՄ հարաբերությունների բնականոն զարգացումն ապահովելու և Հայաստանի շուրջ օբյեկտիվորեն ձևավորված դրական մոտեցումները կապիտալիզացնելու, մյուս կողմից՝ հակառուսական գործիք չդառնալու համար։ 

Այսպիսով, ինչպես սույն, այնպես էլ նախորդ հոդվածում փորձեցինք ամփոփել Եվրոպական Խորհրդարանի քաղաքական վարքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Ցավոք, անցնող ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Խորհրդարանի դիրքորոշումը ԵՄ իշխանության գործադիր մարմինների համար ուղենշային նշանակություն առավելաբար չունեցան, սակայն դրանց վերլուծությունը կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների պոտենցիալը գնահատելու տեսանկյունից։ Ամեն դեպքում Խորհրդարանը Եվրոպական միության ամենաներկայացուցչական քաղաքական մարմինն է, որի տեսակետները հնաարվոր է շրջանցել, բայց ընդհանրապես հաշվի չառնելը, այն էլ երկարաժամկետ կտրվածքում, հավանական չէ։ Ամեն դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները ինչպես անցած երեսուն տարիներին, այնպես էլ այժմ առաջանցիկ զարգացում են գրանցում և դա նպատակահարմար է դիտարկելել արդեն իսկ ԵՄ գործադիր իշխանության տիրույթում գտնվող տարբեր քաղաքական առաջնահերթությունների համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործընթացում՝ առանձնացնելով Արցախյան հակամարտության շուրջ ԵՄ գործադիր իշխանության քաղաքական վարքի էվոլյուցիան։ Դա արդեն կանենք սույն հոդվածաշարի վերջին՝ երրորդ մասով, հույս ունենալով, որ ընթերցողի համար օգտակար կլինենք՝ պատկերացնելու ՀՀ-ԵՄ բազմաշերտ հարաբերությունների ողջ ծավալը։


 ————————————

1․ On the implementation of the common foreign and security policy – annual report 2021, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2021-0354_EN.html 
2․ REPORT on the implementation of the common foreign and security policy – annual report 2022, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2022-0292_EN.html 
3․ On prisoners of war in the aftermath of the most recent conflict between Armenia and Azerbaijan, https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-9-2021-0277_EN.html 
4․ European Parliament resolution of 19 May 2021 on the 2019-2020 Commission Reports 
on Turkey (2019/2176(INI)), https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2021-0243_EN.pdf 
5․ Destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, https://www.europarl.europa.eu/doceo/document/ TA-9-2022-0080_EN.html
6․ «Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը», Գասպար Կարապետյան, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ, https://eafjd.eu/hy/%D5%A5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AD%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1/
7․ European Parliament Resolution on Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh, https://www.europarl.europa.eu/doceo/document/PV-9-2023-01-18-ITM-D-002_EN.html
8․ REPORT on EU-Armenia relations, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2023-0036_EN.html, REPORT on EU-Azerbaijan relations, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2023-0037_EN.html
9․ Situation in Nagorno-Karabakh after Azerbaijan’s attack and the continuing threats against Armenia, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2023-0356_EN.html
10․ European Parliament resolution of 28 February 2024 on the implementation of the common foreign and security policy – annual report 2023, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0104_EN.html 
11․ European Parliament resolution of 28 February 2024 ‘Implementation of the common security and defence policy – annual report 2023, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0105_EN.html 
12․ «Մենք Եվրոպական միությունից ակնկալում ենք շոշափելի քայլեր»․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ, https://www.ancnews.info/?p=22155 
13․ European Parliament resolution on closer ties between the EU and Armenia and the need for a peace agreement between Azerbaijan and Armenia, https://www.europarl.europa.eu/doceo/document/B-9-2024-0167_EN.html

 

Գևորգ Ղուկասյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու

 

Մաս 1-ին (1988-2020թթ.)․ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ հարաբերություններում Եվրոպական խորհրդարանը և ղարաբաղյան հիմնախնդիրը․ Գևորգ Ղուկասյան