Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմը գործում է հակառակ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ: «Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն դարձել է օրինաչափություն»,- ասաց նա:
ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով` Ադրբեջանին վրդովեցրել է այն, որ հայտարարվել է շատ պարզ բան` հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Ադրբեջանում դրա շուրջ սկսվել է վայնասուն: Սակայն, երբ Բաքուն կասկածի տակ է դնում ԼՂՀ անկախությունը, ձևացնում է, որ մոռացել է` նույն հիմքով անկախացել են թե' ԼՂՀ-ն, թե' Ադրբեջանը. դա եղել է դեռևս Սովետական միության օրոք»,- նշեց Քոչարյանը, ապա հավելեց, որ Խորհրդային միության փլուզումով երկուսն էլ իրավահավասար են, իսկ Արցախում անկախության մասին հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում: Այնպես որ, ըստ նրա, իր անհեռանկար քայլերով Ադրբեջանն իր անկախությունն է կասկածի տակ դնում: «Եթե նրա համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ո՞ւր է անկախացել»,- ընդգծեց փոխարտգործնախարարը:
Քոչարյանը նշեց, որ բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է, և այնպես չէ, որ հայկական կողմերը հրաժարվել են բանակցություններից: «Հայկական երկու կողմերն էլ հակված են բանակցությունների, բայց եթե քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում է` կա'մ ամեն ինչ` ինչպես ես եմ ուզում, կա'մ պատերազմ, իհարկե, այստեղ բնական է` տեղի տալ չի կարելի»,- շեշտեց նա:
Փոխարտգործնախարարը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ բանակցությունների հեռանկարի մասին շատ հստակ խոսել են համանախագահները` իրենց բազմաթիվ հայտարարություններում, որ բանակցությունները առաջընթացի համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն: «Դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները: Երբևիցե հայկական կողմն այն, ինչ եղել է գաղտնի սեղանի շուրջ, չի խախտել ու չի էլ խախտի: Խախտողը գիտենք` ով է, միշտ Ադրբեջանն է, որովհետև այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո նա լրիվ այլ բան է ասում»,- նշեց Քոչարյանը:
Հարցին` համանախագահների առջև բարձրացրե՞լ են հարցը, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, փոխնախարարը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` բարձրացնել մի բան, որն անզեն աչքով երևում է, առավել ևս` համանախագահների համար»:
Նա նաև հավելեց, որ բանակցությունների նյուանսներին ծանոթ չէ, սակայն ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է: