Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նշեց, որ ատելությունը և հայատյացության այս քաղաքականությունն այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցությունը և կայացումը:
Քոչարյանը հիշեցրեց, որ օրեր առաջ հայ ժողովուրդը տոնեց մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
«Ժամանակ, որն ազդարարվեց հայ ժողովրդի աննախադեպ միասնությամբ և արձանագրեց հայ ժողովրդի անբեկանելի կամքն ու ուժը: Երեք տասնամյակ առաջ արցախահայությունը հայտ ներկայացրեց անվտանգ ապրելու իր հայրենիքում և որոշելու իր ճակատագիրը, սահմանելու պետականության կերտման իր արժեհամակարգը և զարգացման ուղին, սակայն 30 տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ, Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասախան, Ադրբեջանի իշխանության կողմից փորձ կատարվեց լռեցնելու Արցախի հայությանը՝ իրենց տարածքում հակահայկական ջարդերի ալիքով»,- ասաց նա:
Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ բռնությունների ալիքը սկսվեց Ստեփանակերտի ցույցերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու` սումգայթյան ջարդերով, և շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում:
«30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք, երբ 2013-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովը վերադարձվեց և հերոսացվեց: Այնուհետև ապրիլյան քառօրյա պատերազմին աշխարհը նորից ականատես եղավ ադրբեջանական հասարակության սերմանած ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե' խաղաղ բնակչության, թե' ռազմագերիների դեմ: Եվս մեկ անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները, միջազգային հումանիտար նորմերն այդ երկրի իշխանության համար դատարկ հնչյուններ են: Հակադրվելով բազմաթիվ՝ հասարակությունները խաղաղության պատրաստելու կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմատենչ և առավելապաշտական քաղաքականությունը»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ Արցախի ժողովրդի խաղաղ, ժողովրդավար երկրում ապրելու օրինական պահանջին ուժով, սպառնալիքով պատասխանելու` Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում: «Հավատարիմ լինելով Ղարաբաղյան շարժման գաղափարներին ու նպատակներին` համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական ու նպատակային աշխատանքներով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն` բացառելու համար նոր սումգայիթների հնարավորությունը, հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը և երաշխավորելու տարածաշրջանում հայության անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասաց նա: