կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-12 17:27
Քաղաքական

Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի իշխանությունների կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում. Շավարշ Քոչարյան

Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որից միշտ սպասելի են հնարավոր արկածախնդիր քայլեր:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով երեկ առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ հարցին:

«Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից կրիգը չի իրականացվել և, ի հակառակ իր հաշվարկների, հայկական պետությունների պոտենցիալը շատ ավելի բարձր էր: Բաքվի նման գործողությունները միայն խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը և, հատկապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ադրբեջանի իշխանությունների նման կանխամտածված գործելաոճը ստատուս քվոյին այլընտրանք չի թողնում, որից հաճախ բողոքում են հենց իրենք: Հակառակ դեպքում նրանք հնարավորություն կտային այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- մանրամասնել է Շ. Քոչարյանը:

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ այն պետք է բաժանել երկու հարթակի. «Մեկը բուն բանակցություններն են՝ կապված կարգավորման հետ: Երկրորդը՝ բանակցություններ, որոնք ուղղված են զինադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Այսօր մենք խոսում ենք միայն երկրորդ հարթակի մասին, որովհետև, ինչպես բազմիցս ասել ենք, քանի կան կրակոցներ, սադրանքներ, խոսել, որ բանակցություններում կարող է առաջընթաց լինել, ուղղակի միամտություն է: Այդ տեսակետից այս վերջին սադրանքները ևս մեկ անգամ հուշում են, որ պետք է օր առաջ սկսել կյանքի կոչել Վիեննայի համաձայնությունները»:

Անդրադառնալով առաջիկայում հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ Շ. Քոչարյանը մասնավորապես ասել է. «Համենայն դեպս խոսքը գնում է արտգործնախարարների հանդիպման մասին և եթե լինի էլ, այնտեղ էլ շեշտադրումը լինելու է հենց այն, ինչի մասին նոր ասացի»: