կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 17:10
Մշակույթ

Մշակույթի նախարարությունն ինչպես աշխատում, այնպես էլ հարցումներին է պատասխանում

Մշակույթի նախարարությունն ինչպես աշխատում, այնպես էլ հարցումներին է պատասխանում

Դեռևս մայիսի 16-ին, երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդես եկավ ամփոփիչ մամլո ասուլիսով, ի թիվս այլ հարցերի` անդրադարձավ նաև Լուսինե Զաքարյանի տան հետ կապված խնդրին: Նա, մասնավորապես, նշել էր, որ մեկուկես ամիս առաջ է այդ հարցով խոսել տան ժառանգներից մեկի հետ: «Երբ խոսեցի, նրանք ինձ ասացին, որ կփորձեն իրենք իրենց ներքին հարցերը լուծել, որից հետ մինչև սեպտեմբեր պետությանը որոշակի առաջարկությունով հանդես կգան»,- ասել էր նա:

Բացի այդ՝ նախարարն այդ օրն անդրադարձել էր նաև Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տան խնդրին` նշելով, որ այն տուն-թանգարանի կարգավիճակ է ստանալու: Տունն, ի դեպ, ամերիկացի նոր սեփականատեր ունի:

Խնդիրների հետ կապված՝ հարցում էինք ուղարկել մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին: Մասնավորապես` Լուսինե Զաքարյանի տան վերաբերյալ փորձել էինք տեղեկանալ՝  արդյո՞ք ժառանգներն, իրոք, արդեն հանդես են եկել առաջարկությամբ, եթե՝ ոչ, ապա  նախարարը կրկին զրուցե՞լ է տան ժառանգների հետ` իմանալու  նրանց տրամադրվածությունը և խոստումը չկատարելու պատճառը:

Նախարարության պատասխանը ոչնչով չզարմացրեց մեզ. «Ի պատասխան Ձեր հարցմանը, տեղեկացնում ենք, որ Լուսինե Զաքարյանի տան առնչությամբ նախարարությունը սպասում է ժառանգների վերջնական որոշմանը»: Մեկ նախադասություն, որը կարելի է երկարկի հասկանալ` կա\'մ նախարարությունը մոռացել էր հարցը և սպասում է, որ մի օր ժառանգներն, ի վերջո, ինչ-որ որոշում կկայացնեն /թեև խոստացել էին մինչև սեպտեմբեր/, կա\'մ էլ, իրոք, հետամուտ են խնդրին, բայց «ալարում» են մանրամասները ներկայացնել, թե ինչ քայլեր են կատարվել. դե, հասկանում եք, աշուն է, անձրև, ստվերներն անձև…

Ինչևէ, չշեղվենք, ներկայացնենք նաև մեր մյուս` Սարոյանի տան հետ կապված հարցման պատասխանը, որը ոչնչով չի զիջում այս մեկին: Ի դեպ, Սարոյանի տան հարցով հուլիս ամսին նախարարությանը հարցում էինք ուղարկել, և նախարարությունից տեղեկացրել էին, որ առայժմ  սեփականատիրոջ որոշման մեջ որևէ փոփոխություն չկա։ 

3 ամիս անց նախարարությանը նման հարցում էինք ուղարկել. «Կուզեինք տեղեկանալ` արդյո՞ք ինչ-որ գործընթաց ընթանում է՝ հարցի հետ կապված: Բացի այդ՝ սեփականատիրոջ մտադրությունը ո՞րն է` տունը վաճառե՞լ հայկական կողմին, թե՞ պահել՝ որպես սեփականություն, բայց՝ թանգարանի կարգավիճակով: Մինչ այսօր ի՞նչ քայլեր են արվել` դրան տուն-թանգարանի կարգավիճակ տալու համար»:

Ուշադրություն` նախարարությունը մի քանի օր երկա՜ր մտածելուց հետո, հավանաբար՝ բոլոր փաստաթղթերը քրքրելուց հետո պատասխանել է. «Ֆրեզնոյում գտնվող՝ Վիլյամ Սարոյանի տան սեփականատիրոջ որոշման մեջ դեռևս որևէ փոփոխություն չկա»: 

Փաստորեն, հուլիս ամսվա պատասխանի մեջ փոխվել է «դեռևս» բառի տեղն ու հետ ուղարկվել մեզ: Հարգելինե\'րս, իսկ ո՞ւր մնացին մեր մյուս հարցերի պատասխանները.

  1. Արդյոք ինչ-որ գործընթաց ընթանո՞ւմ է հարցի հետ կապված:
  2. Սեփականատիրոջ մտադրությունը ո՞րն է` տունը վաճառե՞լ հայկական կողմին, թե՞ պահել՝ որպես սեփականություն, բայց՝ թանգարանի կարգավիճակով:
  3. Մինչ այսօր ի՞նչ քայլեր են արվել` դրան տուն-թանգարանի կարգավիճակ տալու համար:

Հավանաբար, մեր հարցմանը բովանդակալից պատասխանելու համար կրկին նախորդ սկզբունքն է գործել՝ «աշուն է, անձրև, ստվերներն անձև…»:  Խնդիրն այն է, որ աշնանը փոխարինելու է ձմեռը, իսկ եթե գարունն էլ անձրևառատ եղավ` քաշվեցինք:

Ինչևէ, ուշադիր կհետևենք նախարարության քայլերին, եթե, իհարկե, նման քայլեր, առհասարակ, լինեն:

Ի դեպ, մոռացել էի նախարարության առատաձեռնության մասին խոսել, քանի որ նրանք ամփոփել էին իրենց պատասխանները. «Տվյալ հարցերի վերաբերյալ նախարարությանը տրամադրված յուրաքանչյուր տեղեկություն անմիջապես կհրապարակվի»:  Նախազգուշական այս տեղեկությունն էլ հավելել են` իբր հասկացնելով` հերիք է հարցումներ ուղարկեք, մեր կայքում կտեղադրենք ինֆորմացիան, երբ նորություն ունենանք: Հարգելինե\'րս, շնորհակալություն նախազգուշացման համար, այսուհետ կփորձենք ավելի հաճախ հարցումներ ուղարկել` հենց ձեր` մեկ տողանոց պատասխաններին կարոտ լինենք:

 

Կարինե Հարությունյան