Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է։ Այս կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփում է Հայաստանում 2018 թվականի մայիսից մինչ օրս տեղեկատվության ազատության ոլորտում առկա առաջնային խնդիրներն ու հրատապ անելիքները եւ Կառավարության ու քաղհասարակության ուշադրությունը հրավիրում դրանց վրա։
Տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու պրակտիկան.
Ժամկետներ- Տեղեկություն ստանալու հարցումների 15 տոկոսին տրվել է ժամկետանց պատասխան՝ խախտելով ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը։ Մյուս կողմից, սակայն, համեմատելով 2017թ.-ի տվյալների հետ, հարկ է նշել, որ այս ցուցանիշը նվազել է՝ նախկին 30 տոկոսի փոխարեն կազմելով ընդամենը 15 տոկոս։ ԻԱԿ-ի ամենօրյա դիտարկումները հավաստում են, որ հաճախ է չարաշահվում 30-օրյա ժամկետում պատասխանելու լիազորությունը՝ լրացուցիչ աշխատանքի պատրվակով։ Այս հանգամանքը պայմանավորված է ոչ թե տեղեկությունը թաքցնելու միտումով, այլեւ հիմնականում վարչարարության որակի եւ ներքին կոորդինացիայի պակասի հետեւանքով։
Նշենք, որ ժամկետների դրական դինամիկայի վրա մեծ ազդեցություն են ունեցել կառավարության գործարկած էլեկտրոնային գործիքները, որոնք էականորեն կրճատում են ժամանակի եւ տեխնիկական ռեսուրսների ծախսը՝ բարձրացնելով քաղաքացի-պետություն հաղորդակցության արդյունավետությունը։
Պատասխանների բովանդակությունը - 2018թ. եւ 2019թ. (սեպտեմբերի 26-ի դրությամբ)՝ լիարժեք ժամանակին պատասխանների ցուցանիշը եղել է համապատասխանաբար 56% եւ 63%՝ հստակ արձանագրելով դրական դինամիկա 2017թ.-ի 34 տոկոսի համեմատությամբ։ Թեեւ հետհեղափոխական ժամանակաշրջանի սկզբնական փուլում աճել էր թերի պատասխանների ցուցանիշը, սակայն աստիճանաբար 2019-ի ընթացքում այս խնդիրը տեղի տվեց։ 2017թ. 23 տոկոս թերի պատասխանների համեմատ՝ 2019 թվականին արդեն թերի պատասխանների ցուցանիշը կազմել է 13 տոկոս։ Անհիմն պատասխանների համամասնությունը մնացել է նույնը` 2%: Կառավարությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի տեղեկություն ստանալու բոլոր հարցումներին լիարժեք եւ հավաստի պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։
Լուռ մերժումներ կամ անպատասխան հարցումներ - Մեծ դրական զարգացում է արձանագրվել լուռ մերժումների պարագայում։ 2017թ.-ին այդ ցուցանիշը 23 տոկոս էր, 2018-ին՝ 1 տոկոս եւ 2019-ին՝ 3 տոկոս։ ԻԱԿ-ը պահանջում է, որ որեւէ հարցում չպետք է մնա անպատասխան, որքան էլ այն պարունակի զգայուն, խոցելի հարցադրումներ, առավել եւս, լուռ մերժումը չպետք է պայմանավորված լինի դիմողի անձով։
Անհիմն եւ հիմնավոր մերժումներ - Ակնհայտ է լուռ մերժումների ծավալի կտրուկ անկումը, սակայն նաեւ դրանով պայմանավորված աճել է անհիմն մերժումների ցուցանիշը՝ 2017թ.-ի 0 տոկոսի փոխարեն կազմելով 3 տոկոս 2019թ.ին։ Փաստորեն՝ լուռ մերժումների թվի կրճատումը հանգեցրել է անհիմն մերժումների թվի աճի։ Որոշ դեպքերում սա վկայում է այն մասին, որ եթե նախկինում որոշ պաշտոնյաներ խուսափում էին տրամադրել տեղեկություններ եւ անպատասխան էին թողնում տեղեկություն ստանալու հարցումները, ապա ներկայում խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցումը մերժում են, սակայն՝ ոչ հիմնավոր։ 1 տոկոսով աճել են նաեւ օրինական մերժումները, ինչը նույնպես դրական զարգացում է։
Էլեկտրոնային կառավարումը էապես խթանում է Տեղեկատվության ազատությունը - Թեպետ ՀՀ Կառավարությունը գործարկել է Էլեկտրոնային հարցումների միասնական e-request հարթակը, սակայն գործիքի մոնիթորինգն ու ամենօրյա կիրառումը ցույց է տալիս, որ այն դեռեւս լիարժեք չի օգտագործվում: Թեպետ Կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային, նույնիսկ առանց ստորագրության հարցումների ընդունման եւ քննարկման քաղաքականություն, սակայն ՀՀ ԱԺ-ն, մի շարք ՏԻՄ-եր իրենց պաշտոնական կայքերում հարթակին հղում անելիս կոչ են անում դիմել գրավոր կամ բացառապես էլեկտրոնային ստորագրությամբ: Այս պրակտիկան հակասում է ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը եւ խոչընդոտում ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման զարգացմանը:
Պրոակտիվ հրապարակայնություն: ԻԱԿ դիտարկումները ցույց են տալիս, որ ՏԱ օրենքով նախատեսված պրոակտիվ հրապարակայնության կանոնները ոչ բոլոր պետական մարմիններն են պատշաճ կատարում, պահանջվող տեղեկությունները պաշտոնական կայքերում տեղադրելու տեխնիկական եւ բովանդակային համընդհանուր չափորոշիչները չեն պահպանվում։ Արդյունքում պետական կառավարաման մարմիններից յուրաքանչյուրը պրոակտիվ հրապարակայնությունն իրականացնում է՝ ըստ ՏԱ պատասխանատուի պատկերացումների եւ կայքի տեխնիկական հնարավորության։ Սպառողն այս դեպքում ստանում է իրարից խիստ տարբեր տեղեկատվական ռեսուրսներ, ինչը տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը դարձնում է դժվար, երբեմն նույնիսկ՝ անհնար։