կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 15:20
Քաղաքական

Եթե 1937թ. զոհերին է վերաբերում, մշակույթի նախարարությունն ինքը պետք է խրախուսի նման ցուցահանդեսները. Ռուստամյան

Եթե 1937թ. զոհերին է վերաբերում, մշակույթի նախարարությունն ինքը պետք է խրախուսի նման ցուցահանդեսները. Ռուստամյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը անդրադարձավ մշակույթի նախարարության կողմից Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կազմակերպած ցուցահանդեսի փակմանը:

«Սա, իհարկե, վրդովեցուցիչ է: Ես նոր եմ տեղեկացել դրա մասին: Հանգամանքներին քանի որ ծանոթ չեմ, չեմ կարող պատասխանել, բայց ցուցահանդես փակելը նորմալ բան չէ»,- ասաց նա:

Հարցին՝ խնդիրը թեմա՞ն էր, պատգամավորն արձագանքեց. «Ես չգիտեմ, մանավանդ` եթե 37-ի զոհերին է վերաբերում, ապա մշակույթի նախարարությունն ինքը պետք է խրախուսի նման ցուցահանդեսների անցկացումը: Մենք մեր պատմությունը պետք է լավ ուսումնասիրենք»:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ իր համար դա վրդովեցուցիչ է: «Մարդը ուսումնասիրություն է արել, դրա հետ կապված ցուցահանդես է հրավիրել, իսկ մենք գիտենք, որ Հովհաննես Թումանյանի երեք զավակները հենց դրա զոհն են եղել, այսինքն` կապ կա այդ ամեն ինչի մեջ»,- ասաց Ռուստամյանը:

Նշենք, որ օգոստոսի 4-ին Հովհ. Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում կայացավ «Խավարում» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված էր խորհրդային բռնատիրության զոհերին: ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի պահանջով ցուցահանդեսը փակվեց: Ցուցահանդեսի փակման կապակցությամբ Սամուելյանը նշել էր. «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր: Այժմ սկսվել են փողոցների անվանափոխության հետ կապված գործընթացներ, և այդ ցուցահանդեսն էլ ընկալվել է այդ համատեքստում»: