Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-10-10 23:46
Մշակույթ

Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է, մեր տունին լեզուն․ Ազնավուրն անկեղծացավ համերգի ժամանակ

Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է, մեր տունին լեզուն․ Ազնավուրն անկեղծացավ համերգի ժամանակ

Առաջին անգամ է, որ մի քանի խոսք պետք է ասեմ։ Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայաստանյան համերգի ժամանակ ասաց աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ու սկսեց զրուցել հանդիսատեսի հետ։

Նա նշեց, որ իրականում իր համար դժվար է խոսել հայերեն։ «Մեր լեզուն` հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է, մեր տունին լեզուն է։ Ֆրանսերեն խոսել ավելի հեշտ է ստացվում ինձ մոտ, դրա համար էլ ֆրանսերեն եմ խոսում: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել՝ հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, թե մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Իսկ Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,-ասաց Ազնավուրն ու իր խոսքը շարունակեց ֆրանսերեն։

Հետո սիրված երգիչն անցավ գործի՝ 1,5 ժամ հանդիսատեսին նվիրելով իր հին ու սիրված երգերի կատարումները՝ «Avé Maria», «La Bohème», «Hier encore», «Avec un brin de nostalgie»․․․ Ազնավուրն առանց բիսի չլքեց դահլիճը։

Ի դեպ, համերգին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, մշակույթի գործիչներ և, բնականաբար, հյուրեր դրսից։

Համերգը տեղի էր ունենում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում: