|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Որոշ ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, թե ԿԳՆ-ն, հայերենից բացի, պետական լեզվի կարգավիճակ է տվել նաեւ ռուսերենին: Ըստ լուրերի` իբրև թե ավարտական դասարաններն ավարտածների ատեստատը ոչ միայն հայերենով է, այլ նաև ռուսերենով:
Yerkir.am-ը դիմեց ԿԳՆ` տեղեկանալու, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը: Ի պատասխան ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, և «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ: «Անկեղծ ասած` ինձ համար անհասկանալի են սոցցանցերում ռուսերենին` իբր պետական կարգավիճակ տալու մասին անհիմն քննարկումները: Որևէ անհատ կամ լրատվամիջոց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարություն անելուց առաջ դրա իրավական հիմքը, հաստատումը պետք է ունենա. ի՞նչ ասել է` «ՀՀ ԿԳ նախարարությունը ռուսերենին պետական կարգավիճակ է տվել», որ հետևողականորեն տարածվում է որոշ օգտատերերի կողմից: Որևէ մեկը չի կարող հաստատել տարածվող լուրերը մի պարզ պատճառով` նման բան չկա»,- ասաց Մարգարյանը:
Ըստ նրա` Հայաստանում նման հարց ուղղակի չի կարող գոյություն ունենալ, և սա պետք է մեկընդմիշտ արձանագրել: «ՀՀ պետական լեզուն հայերենն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ: Կարծում եմ` սահմանադրական այս նորմը պատասխանն է բոլոր հարցերի»,- ասաց ԿԳՆ մամուլի խոսնակը: