Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է, որի առթիվ ցանկանում եմ շնորհավորել հայոց լեզվին տիրապետող և դրանով հաղորդակցվող իմ միլիոնավոր հայրենակիցներին ու նուրբճաշակավոր օտարազգի հայագետ բարեկամներին:
Հայերենը չի պատկանում այն լեզուների ցանկին, որոնցով խոսում են հարյուր միլիոնավոր մարդիկ, բայց այն լեզուներից մեկն է, եթե ոչ եզակի, որի պահպանման համար զոհվել են բյուր-բյուր մարդիկ:
Հայերենը մեր ազգային գաղափարախոսության դրոշակն էմեր գոյության ու ինքնուրույնության անառարկելի վկան ու երաշխավորը: Հասկանալու համար, թե ինչ նշանակություն է ունեցել հայերենը հայության համար, միայն պետք է մտաբերել, որ Հայաստանը նվաճողների նվաճողական քաղաքականության կարևորը գործոններից մեկը լեզվի վերացումն է եղել
կրոնի ու մշակույթի վերացմանը զուգահեռ:
Հենց մեր մայրենի լեզուն է մեզ հասցրել այսօրվան, հենց մայրենին կարևորելով ենք մենք լույս տվել մեր գլխին կախված սրից, որի կտրողներն ու տերերը վաղուց «հանգստանում» են պատմության փափուկ փոշու տակ:
Մայրենի լեզուն է այն ահեղ կայծակը, հզոր որոտը, որ շատ-շատ անգամներ դրդել է մեզ հառնել մոխիրներից ու ապրել, ապրել, ապրել:
Աշխարհահռչակ արևելագետ, ազգագրագետ Ն. Մառը անթերի է բնորոշում լեզուն.
«Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որին ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը»:
Վերհիշելով Մառին, ուզում եմ մեջբերել նաև մեր կողքին ապրող եզակի հայ մտավորականներից մեկիՍ. Սրապիոնյանի դիպուկ հարցադրում-պնդումը. «Վերցրեք ինձանից հայոց լեզուն, մշակույթը, կրոնը և փորձեք գեթ մեկ տարբերություն գտնել իմ ու վրացու, ռուսի կամ անգլիացու միջև»: Ուստի
մեր ուղեղներում վերահաստատենք այն միտքը, որ լեզուն է ազգի գոյության ու կարևորության կարևոր կռվաններից մեկը, լեզուն է մեզ կյանքի կոչողը, մարտակոչ անողն ու նորանոր հաղթանակների տանողը:
Այսուհետ և ընդմիշտ հայերենը պետք է լինի էլ ավելի բարձրում, քան երբևէ եղել է, քանի որ այսօր ազգային դիմագծերի աղճատման այս դարում, մաքուր, ազգային մտածողության բոլոր տարրերն ընդգրկող կենտրոնաձիգ լեզուն է մեր վահանը, որով պետք է պաշտպանենք մեր մշակույթը, այսինքն
` մեզ:
Լեզուն պետք է Հայաստանում ու աշխարհում ապրող ավելի քան տասը միլիոն հայերի համար լինի անառարկելի արժեք և անքննելի հեղինակություն, և նա, լինի բարձր իշխանավոր, թե հասարակ հողագործ, ով կհամարձակվի իր որոշումներով ու մոտեցումներով նվազեցնել լեզվի կարևորությունը, պետք է օտարվի հայությունից` և’ հայրենիքում, և’ երկրագնդի վրա ապրող ցանկացած հայ համայնքից:
Շնորհավո’ր մեր մայրենիի տոնը:
Ապրենք հայերե’ն:
Ապրենք հայօրե’ն:
Գևորգ Գյուլումյան
Աղբյուրը՝ azgonline.am