Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Հայտնել ենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից փաթեթի մասին հարցը:
Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, որ իր ելույթը չի արտահայտում խմբակցության տեսակետը, և դա միայն իր կարծիքն է: Նա նշեց, որ մի քանի առիթով էլ է արտահայտել իր անհամաձայնությունը այս օրենքի ընդունման անհրաժեշտության կապակցությամբ:
«Այս օրենքի նախագիծը բազմիցս փորձել եմ, ինքս ինձ հակադրվելով, կարդալ, վերլուծել և այնտեղ չեմ տեսել ընտանեկան բռնության կանխարգելման դրույթ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ զավեշտալի է ձևակերպումը, թե օրենքն ուղղված է ընտանիքում համերաշխության վերականգմանը: «Ընկերնե'ր, ես երեբեք չեմ մտածել, որ օրենքով հնարավոր է ընտանեկան համերաշխություն վերականգնել: Սա նույն բանն է, ոնց որ լինի օրենք ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին, որ օրենքով պարտադրես, որ վերհիշեն իրենց բարիդրացիական ավանդույթները ընտանիքում, օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրացվի այս երեկո: Ո՞նց կարելի է համերաշխությունը վերականգնել օրենքով»,- նշեց Պետրոսյանը:
Ըստ նրա` թեև ինքը հարգանք ունի ոստիկանության համակարգի նկատմամբ, բայց նաև չի կարող չհայտնել իր մտավախությունները: «Այդ մասին խոստովանություն է արել նաև ոստիկանապետը, որ քիչ չեն ոստիկանությունում շարժական զանգվածները` մարդու կերպարանքով, որ իրենց լիազորությունները, առիթից օգտվելով, չարաշահել են քաղաքացիների նկատմամբ»,- ասաց պատգամավորը և հիշեցրեց անցյալ տարվա դեպքը, երբ ընտանիքում բռնությունից տուժած կինը ոստիկանություն էր դիմել, նրան 3-4 ժամ սպասեցրել էին, քանի որ պետը չէր եկել: «Արդյունքում` տարբեր հարցեր էր ստացել ոստիկաններից, որոնք դիմումին չէին վերաբերում»,- ասաց Պետրոսյանը:
Նա զարմանք հայտնեց, թե օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ-երկու ամիս հետո ինչպե՞ս են ոստիկաններն արագ վերապատրաստվելու, մասնագիտացվելու, ապա նշեց, որ երբ ինչ-որ հարց են բարձրացնում, հանրապետականները նշում են, թե բյուջեում փող չկա: «Ասում ենք` եկեք երեք դատավոր ավելացնենք, որը մանր ծախսերի հետ է կապված, ասում եք` փող չկա բյուջեում: Այդ դեպքում ինչպե՞ս եք ոստիկանության որոշակի ստորաբաժանում ստեղծելու, այդ ստորաբաժանմանը աջակցող տեխնիկական օժանդակ անձնակազմ հատկացնելու, դեռ մի հատ էլ աջակցման կենտրոն հիմնելու: Այդ աջակցման կենտրոնը դեռ պետք է սեռային հատկանիշով տարբերակվի: Չի կարող տղամարդը օտար կնոջ հետ, ովքեր երկուսն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, այդ օրը որոշեն իրար մխիթարել, և հանկարծ եթե չստացվի, ի՞նչ է սպասվում այդտեղ: Ոչ ոք չի խոսում այդ ծախսի մասին»,- նշեց Պետրոսյանը:
Նա խոսեց նաև մի դրույթի մասին, որը հանվել էր, սակայն ԱԺ կայքում դեռ կա: «Այստեղ կան ինչ-որ տարօրինակ հասկացություններ: Ընտանիքը գրանցված ամուսնությունն է, ամուսնությունը եթե չգրանցված չէ, ապա մեր օրենսդրությունն այդպիսի կարգավիճակ չի ճանաչում»,- ասաց պատագամվորը:
Նրան ընդհատեց հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը և հարցրեց. «Հազար ներողություն եմ խնդրում, օրինակ` Դուք ե՞րբ եք գրանցել ձեր ամուսնությունը, ձեր հարսանիքի օ՞րը»: Պետրոսյանն արձագանքեց. «7 տարի հետո է գրանցվել դա ի՞նչ կապ ունի: (ծիծաղում է /խմբ./): Մի րոպե, էստեղ ախր կնոջ մասին չէ խոսքը, ուրեմն` նախկին ամուսնու ծնող, հարս-փեսայի մորքուր, մորաքրոջ տատ»:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց, որ այդ դրույթը հանվել է:
«Հիմա տրամադրության տակ դա է, եթե գաղտնի հանել եք, շնորհակալություն դրա համար»,- պատասխանեց Պետրոսյանը:
Նա նաև անդրադարձավ այն բանին, որ երբ, օրինակ, երեխային արգելում են այփադով խաղեր խաղալ, քանի որ դասից շեղվում է և առաջադիմության մեջ անկում կա, ի՞նչ է, ոստիկանը պետք է ծնողին կանչի, ասի` ինչի՞ ես արգելել:
Կրկին միջամտեց հանձնաժողովի փոխնախագահ Մախմուդյանը, նա հորդորեց պատգամավորին` չբարկանալ:
«Չեմ ջղայնանում, իմ խոսելու ձևն է տենց: Քոչարյանն էլ իմ ընկերն է (նկատի ունի հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին /խմբ./), բայց կապ չունի Պլատոնն էլ ասում էր` Արիստոտելն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է»,- ասաց պատգամավորը և շարունակեց. «Ոստիկանը կարող է մնալ քո տանն այնքան ժամանակ մինչև դու քո «շորերը հավաքես»: Եթե ես հայտնի կինոնկարի գլխավոր հերոս Օստապ Բենդերը չլինեմ, որ ունենամ մի կոստյում, մի գլխարկ և մեկ շարֆ, ենթադրում եմ` գոնե երեք ժամ ինձ պետք կլինի, որ իրերս հավաքեմ, ուրեմն ոստիկանը պետք է կանգնի իմ կողքը` դիրիժորի փայտիկով` այս շորը վերցրու, արագ.. Այս ի՞նչ բան է, ո՞ր մեկիս ընտանեկան պատկերացումների շրջանակում է»:
Պետրոսյանը նշեց, որ եթե օրենքը կյանքի կոչվի, մեր ազգային մտածողության պայմաններում անպայման լինելու են բախումներ հենց ոստիկանների հետ: «Եվ Աստված չանի, գուցե ավարտվեն ծանր հետևանքներով»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը` պատգամավորն ասաց. «Ես երբեք քաղաքական գործիչներից անկեղծություն չեմ ակնկալել, և սա էլ բացառություն չի ընդհանուր կանոնից: Լավ կլիներ, որ ասեիք` այս նախագիծը պետք է ընդունենք, որովհետև այսինչ երկրներին պետք է ցույց տանք, որ ունենք: Եկեք դա խոստովանեք»: