կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 03:33
Աշխարհ

Հայաստանում հիմնական լեզուն նաեւ հայերենն է

Հայաստանում հիմնական լեզուն նաեւ հայերենն է

Ազգային ժողովը այսօրվա նիստում 69 կողմ, 1 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող կառավարության աղմկահարույց օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ, Հայաստանում, բացառապես կառավարության որոշմամբ, թույլատրվում է օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական եւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ուսհաստատությունների բացումը:

 

«Լեզվի մասին» օրենքում կատարված լրացման համաձայն, հանրակրթության ոլորտում միջազգային ծրագրերի իրականացման առանձանհատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» օրենքով: Վերջինով տրված են այլընտրանքային, հեղինակային, փորձարարական, միջազգային կրթական ծրագրերի սահմանումները: Մասնավորապես, միջազգային կրթական ծրագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային ծրագիր է:

 

«Հանրակրթության մասին» օրենքում սահմանված է նաեւ, որ օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների առավելագույն թիվը 11-ն է, որից 2-ը ստեղծվելու են որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ գործելու են Դիլիջան ու Ջերմուկ քաղաքներում` առնվազն 6-րդ դասարանի հիմքի վրա ( 7-րդ դասարանից), իսկ 9-ը` միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա եւ իրականացնելու են միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական ծրագրեր: Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է: Ամրագրված է, որ տվյալ հաստատությունները չեն կարող ունենալ մասնաճյուղեր կամ ստորաբաժանումներ:

 

Ըստ «Նոյյան Տապանի», մեկ այլ լրացման համաձայն, օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական  հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան:

 

Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի բազում ակցիաներ կազմակերպեցին` ընդդեմ օրենսդրական այս փաթեթի: Այսօր կառավարության ներկայացրած փաթեթն Ազգային ժողովն ընդունեց առանց որեւէ էական փոփոխության: Օրենսդրական այս փոխոխություններից հետո կարելի է արձանագրել` այսուհետեւ Հայաստանում հիմնական լեզուն նաեւ հայերենն է