Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորը օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ նրա` ռուսերենի շուրջ աղմուկը կեղծ քաղաքական օրակարգ է, քանի որ այն որևէ հիմք չունի:
ԿԳ նախարարը նշեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իրենք ստացել էին հանձնարարական` օտար լեզուների դասավանդման առումով որակական փոփոխություններ անել և ծրագիր ունենալ: «Իսկ ծրագիրն ինչպե՞ս են կազմում, բնականաբար` հայեցակարգի միջոցով: Մենք էլ երկու հայեցակարգ ստեղծեցինք` անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի դասավանդման և ռուսաց լեզվի: Իսկ թե ինչո՞ւ այդ երկուսն առանձին հայեցակարգեր ունեցան, քանի որ ռուսերենը կիրիլիցայի հիման վրա է, իսկ մյուս օտար լեզուները` լատինատառի: Ավելին` առաջինը հենց անգլերենի, գերմաներենի համար ենք հայեցակարգ մշակել, հետո նոր միայն անցել ռուսերենին»,- ասաց ԿԳ նախարարը` կոչ անելով չքաղաքականացնել ռուսաց լեզվի հայեցակարգի թեման:
Հարցին, թե, այնուամենայնիվ, վարչապետի հանձնարարականո՞վ է եղել առանձին հայեցակարգի մշակումը, նախարարը պատասխանեց, որ վարչապետը հանձնարարել է միայն բարելավել օտար լեզուների դասավանդումը: «Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց այստեղ որևէ խնդիր, իրոք, չկա: Եղել է հանձնարարական, մենք էլ այն կյանքի ենք կոչել հայեցակարգերի մշակման միջոցով, որոնց վրա աշխատում ենք դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից»,- հայտնեց Մկրտչյանը:
Ըստ նրա` շատերը հայեցակարգերը չեն էլ կարդացել, քանի որ դրանք ուշադիր քննելուց հետո պարզ կդառնա, որ որևէ տարբերություն չկա, ռուսերենին արտոնյալ կարգավիճակ չի տրվում: Երկու հայեցակարգերն էլ, Մկրտչյանի խոսքով, կառավարություն է ներկայացվելու որպես օտար լեզվի հայեցակարգ: «Ռուսաց լեզվի հայեցակարգում ֆիքսված է, որ այն օտար լեզվի կարգավիճակ ունի, ինչպես և անգլերենը կամ ֆրանսերենը: Տեսեք` մենք ունենք լեզվի մասին օրենք, ունենք հայագիտական ամուր բազա, ու մեր խնդիրն է օտար լեզուների դասավանդումն էլ ուժեղացնել: Օտար լեզուների դասավանդման ծրագրերի փոփոխությանը զուգահեռ` հայոց լեզվի բլոկին ձեռք չի տրվելու, հայոց լեզուն մեր անկախության հենասյունն է, մեր պետական լեզուն»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ օտար լեզուների դասավանդման որակի առումով, իրոք, անելիքներ շատ կան, քանի որ լավ մասնագետը պետք է մի քանի օտար լեզվի տիրապետի: Ինչ վերաբերում է ռուսերենին, ապա, ըստ նախարարի, այն ՀՀ-ի համար կարևոր լեզու է, ինչպես անգլերենը, գերմաներենը կամ ֆրանսերենը:
«ԵԱՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բնական գիտությունների գրականագիտական հենքը ռուսաց լեզվի վրա է, գիտական հաստատությունների մեծ մասի դաշտը նույնպես ռուսերենն է: Ռուսերենի առումով դասավանդման մեթոդիկայի փոփոխության խնդիր ունենք, քանի որ, սովետից մնացած սովորության համաձայն, ռուսերենը մի շարք դպրոցներում անցնում են ինչպես մայրենի լեզուն, և 1 դասաժամում երեխային շատ բան է տրվում: Սա պետք է մի քիչ թեթևացնենք, բայց ոչ` որակի հաշվին, ինչի համար էլ հայեցակարգ ենք մշակել»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` այն, որ շատերին մտահոգել է ռուսերենի` առանձին հայեցակարգ ունենալու փաստը, գալիս է ապատեղեկատվությունից. մարդիկ չգիտեն, որ զուգահեռաբար կամ առաջին հերթին անգլերենի ու գերմաներենի հայեցակարգն է մշակվել: