Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ ելույթ է ունեցել երկրում շարունակվող ահաբեկչական գործողությունների մասին:
AA-ն տեղեկացնում է, որ Էրդողանը նշել է, թե իբր Թուրքիան այն երկիրն է, որն ամենայն անկեղծությամբ կսեղմի իրեն մեկնված ձեռքը: «Թող բոլորը լավ իմանան, որ այս պետությունն ունի այնքան ուժ, որ կզղջան նրա դեմ զենք պարզողները կամ երկրի ներսում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու համարձակություն ունեցողները»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները (նկատի ունի Քրդական բանվորական կուսակցությունը, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) փորձում են թշնամություն ստեղծել քուրդի և թուրքի միջև, իսկ իրենք ջանք են գործադրում եղբայրություն ստեղծելու համար, ինչն էլ, Էրդողանի խոսքով, ի ցույց է դնում իրենց «տարբերությունը»:
Նա անդրադարձել է նաև Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:
Խոսքն ուղղելով այդ կուսակցությանը՝ Էրդողանն ասել է. «Դուք, Թուրքիայի դրոշը ծածանելով, չեք կարող խաբել այս ժողովրդին: Հուլիսի 7-ին (Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին) ձեզ հաջողվեց դա անել, սակայն նոյեմբերի 1-ին (Թուրքիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ) իմ ժողովուրդը ձեզ դա թույլ չի տա:
Ելույթի վերջում նա ասել է նաև, որ Թուրքիան ի սկզբանե նուրբ մոտեցում է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումների նկատմամբ: «Եթե նկատել եք` ահաբեկչական խմբավորումների՝ մեր երկրից դուրս գտնվող տարրերին շատ մեծ հարված ենք հասցրել: Մինչ այսօր սպանել ենք ավելի քան 2000 ահաբեկիչ՝ երկրի ներսում և դրսում»,- հայտնել է Էրդողանը:
Մնում է հասկանալ՝ ահաբեկիչ ասելով` Էրդողանը նկատի ունի «Իսլամական պետությա՞նը», թե՞ Քրդական բանվորական կուսակցության զինյալներին, ովքեր Թուրքիայում ահաբեկիչներ են համարվում: