Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Քաղաքական ուժը միայն խորհրդարանով չէ, որ անելիք ունի Հայաստանում». 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ համամասնական ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Սպարտակ Սեյրանյանը` պատասխանելով «ՀՅԴ-ին անհանգստացնո՞ւմ է` անցնելու է խորհրդարան, թե` ոչ» հարցին:
Նա շեշտել է, որ եթե քաղաքական ուժն անելիք ունի քաղաքական դաշտում, բայց խորհրդարանում չէ, չի նշանակում` նա անելիք չունի: «Այդ նույն տրամաբանությամբ` այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք դեռ այսօր խորհրդարանում չէին, չգիտեմ` վաղը կլինեն, թե` ոչ, դեռևս չի նշանակում, որ խորհրդարանական ընտրություններից հետո պիտի դադարեն քաղաքականությամբ զբաղվել»,- ասել է Սեյրանյանը:
Դիտարկմանը, որ որևիցե նախաձեռնություն անելու մոտիվացիա չկա, դաշնակցական թեկնածուն պատասխանել է. «Այ սա է խնդիրը: Եթե միակ մոտիվացիան խորհրդարանում տեղեր ունենալն է, ապա տվյալ քաղաքական ուժը դեռևս չի հասկացել` ինչ է քաղաքականությունը»:
Հաղորդավարի դիտարկմանը, որ այդ իրավիճակը քաղաքական համակարգի արդյունքն է, ինչի համար պատասխանատվություն է կրում նաև Դաշնակցությունը` մի քանի անգամ հայտնվելով խորհրդարանում, Սեյրանյանը պատասխանել է. «Եթե ժողովրդի ճնշող մեծամասնությունը 90-ական թվականներին իր քվեն տվեց ՀՀՇ-ին, հետո` մի քանի տարի անց, այդ մարդկանց անիծելով ճանապարհեց, Դաշնակցության մեղավորությունը ո՞րն էր: Հաջորդը` եթե ժողովուրդը, իր ամեն ինչով հանդերձ, իր քվեն տվեց Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, Դաշնակցության մեղավորությունը ո՞րն է: Ամենատարօրինակը գիտե՞ք, թե որն է: Որ մարդիկ, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ոչ թե գաղափար են ընտրել, այլ լոզունգներ, մարդիկ, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ տուրք են տվել զանազան ճնշումների, հորդորների, ինչո՞ւ չէ` նաև մուրաբայի բանկաներով կամ գումարի դիմաց են ընտրություն կատարել, այդ մարդիկ այսօր, չգիտես` ինչու, մեղադրում են ինձ: Եղբա'յր, ես վերջին 30 տարվա ընթացքում ո'չ Լևոն Տեր-Պետրոսյան եմ ընտրել, ո'չ էլ Սերժ Սարգսյան եմ ընտրել: Ինձ ինչո՞ւ եք մեղադրում: Ես` որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես, ձեր ասած, դերակատարություն ունեցող ուժի ներկայացուցիչ, հարգում եմ իմ ժողովրդի կատարած ընտրությունը: Ժողովուրդն իր քվեով ձևավորում է իշխանություն, ես այդ իշխանության հետ Հայաստանի ու հայության շահերից բխող խնդիրների լուծման առումով համագործակցելու եզրեր ունեմ: Ես չեմ կարող ասել` ժողովո'ւրդ, քանի որ դու ինձ հինգ տոկոս ես տվել կամ տասը տոկոս ես տվել, ես քեզանից նեղանում եմ, կգնամ տուն ու ոչ մի գործ չեմ անի: Չէ, ինձ հինգ տոկոսով են վստահել, ես, միևնույն է, իմ աշխատանքն անելու եմ»:
Մեկնաբանի այն միջամտությանը, թե, այնուամենայնիվ, դրական տեղաշարժի առումով ոչ մի արդյունք չի գրանցվել, Սպարտակ Սեյրանյանը պատասխանել է. «Մենք արել ենք այնքան, ինչքան հնարավորություն ու քվե է տվել մեր ժողովուրդը: Եթե իմ ժողովուրդը ինձ տվել է ԱԺ-ում 5 կամ 7 հոգանոց խմբակցություն ունենալու հնարավորություն, կներեք, որ 7 հոգով չեմ կարողացել ազդել 131 հոգու որոշման վրա: Ինչքան կարողացել եմ, այդքանով ազդել եմ, թող մեկ ուրիշը 7 հոգով կարողանար ազդել այնքան, որքան Դաշնակցությունն է կարողացել ազդել»: