կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-15 14:47
Մշակույթ

Կերգենք այնքան, որքան կցանկանաք եւ որքան ուժ կունենանք. Յուրի Շեւչուկ

Կերգենք այնքան, որքան կցանկանաք եւ որքան ուժ կունենանք. Յուրի Շեւչուկ

Հունիսի 16-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում համերգով հանդես կգա ռուսաստանյան անվանի «ԴԴՏ» ռոք խումբը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յուրի Շեւչուկը նշեց, որ Հայաստանում է առաջին անգամ, թեեւ բազմիցս է ցանկացել համերգով հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ: Ըստ նրա` Հայաստանը հզոր մշակույթ ունեցող երկիր է, ջազային լավ պատմություն ունեցող: Համերգին խումբը հանդես է գալու «Սոլնիկ» համերգային ծրագրով, որը, ըստ Շեւչուկի, շատ կենդանի եւ շարժ պարունակող ծրագիր է:

 

«Երգերի ցանկն անընդհատ փոխվում է: Վաղը կերգենք այնքան, որքան կցանկանաք, ու որքան ուժ կունենանք: Ես տանել չեմ կարողանում, երբ ինչ-որ մեկն ասում է, թե ձեր ֆանատն եմ, դուք աստղ եք, ուստի վաղը երկխոսություն է լինելու ռոքի սիրահարների եւ ռոք երաժիշտների միջեւ»,- ասաց Շեւչուկը:

 

Ըստ նրա` երբ տարիներ առաջ այցելել էր Վրաստան, ցանկացել էր նաեւ Հայաստանում համերգով հանդես գալ, սակայն տեղի հայ ընկերներից մեկն ասել էր, թե Հայաստանում երիտասարդներ չկան, բոլորն արտագաղթել են:

 

«Բայց, փաստորեն, այդպես չէ: Այս օրերին շատ երիտասարդների եմ հանդիպել»,- կատակով նշեց Շեւչուկը եւ հավելեց, որ վերջին շրջանում արտագաղթի տեմպերը նաեւ ՌԴ-ում են աճել:

 

Նա հավաստիացնում է, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց միշտ ակտիվ է եղել եւ հայտնել իր քաղաքացիական դիրքորոշումը: Ըստ երգչի` յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր քաղաքացիական դիրքորոշումն ունենալ, քանի որ նա երաժիշտ, բժիշկ կամ մանկավարժ լինելուց առաջ իր երկրի քաղաքացին է:

 

«Միջակությունը գրավել է բոլոր ոլորտները. մարդիկ լսում են նույն երաժշտությւոնը, վարում նույն մեքենաները, հագնում միեւնույն հագուստ. այնպես որ` միայն երաժշտության ասպարեզում չէ, որ անճաշակությունն է տիրում: Փոփ երաժշտության հիմնական հարցն ի՞նչն է` քնե՞լ, թե չքնե՞լ, իսկ ռոքը միշտ էլ լինել-չլինելու հարցն է բարձրացրել»,- ասում է երաժիշտը եւ հավելում, որ նախկինում մարդիկ իրար սիրում էին, հավատով էին լցված, իսկ հիմա շատ են չարացել. «Եթե փողոցում անծանոթ մեկին ժպտաս, կզարմանա»: