Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ավարտվեց Վերահսկիչ պալատի` 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա արձագանքեց պատգամավորների հնչեցրած մտահոգություններին և, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հնչեցրած հարցին, թե որքա՞ն առաջարկներ են արվել և քանի՞սն են դրանցից հաշվի առնվել, ի՞նչ է փոխվել այդ առաջակներից հետո, նշեց. «Բավական շատ առաջարկություններ արված են, մեր բոլոր հաշվետվությունների վերջում մենք այդ առաջարկությունները տալիս ենք, և առաջարկությունների մեծ մասը ստանում է օրենսդրական լուծումներ, և կառավարության համապատասխան որոշումների մեջ կատարվում են փոփոխություններ: Այդպիսի օրինակները տասնյակից ավելի են, այսինքն՝ որևէ բան անհետևանք չի մնում»:
Զաքարյանն ընդգծեց նաև, որ վարկային միջոցների օգտագործումն արդեն երկրորդ տարին է, ինչ Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում է:
«Այսօր քվեարկությամբ հաստատվեց նաև 2016 թվականի ծրագիրը, և այդ ծրագրի տասներորդ կետն ամբողջությամբ վերաբերում է հենց դրան: Քանի որ վարկային ծրագրերը շարունակական են, և մենք վերջնական եզրակացություն չենք կարողանում տալ, դրա համար մենք ստիպված ենք բավարարվել` ընթացիկ հաշվետվությունների գնահատականները տալով կամ թեթև ամփոփելով: Քանի որ չկան վերջնական ակտեր, մենք վերջնական գնահատական չենք կարող տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ հանդիպակաց ստուգումներ լինում են, և այդ ստուգումների արդյունքները չեն դառնում տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մաս:
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ ՎՊ 2014-ի հաշվետվությունն ավելի թույլ էր, քան նախորդ տարիներինը, Զաքարյանը չհամաձայնեց. «Հավատացեք` անկեղծ եմ ասում,` 2014-ի հաշվետվությունը, մասնագիտական առումով, շատ ավելի լավն է, քան նախորդ տարվանը: Գուցե նախորդ տարիների հաշվետվություններն այլ որակ ունեին, բայց մենք էլ ընթացքում սովորում ենք»,- նշեց ՎՊ նախագահը:
Ըստ նրա` ՎՊ-ն չունի այնքան ուժ, որ կարողանա բյուջեի կատարողականը 100 տոկոսով վերահսկել, ուստի ընտրում է սկզբունքներն ու ոլորտները: «Չենք կարող 100 տոկոսով վերահսկել բյուջեի կատարողականը, այսքան ուժ չունենք: Ընտրում ենք այն թեմաները, որոնք շարունակական են, պահում ենք երկու-երեք տարի մեր վերահսկողության դաշտում»,- ընդգծեց Զաքարյանը: