Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող, 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ գույքի մասին, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով 2015թ. ապրիլի 18-ին համապատասխան հարցում է կատարել ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված ՍՊ ընկերությանը, որի տնօրենը 2015թ. ապրիլի 20-ին կազմել է 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ, փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, այնուհետև համայնքի ղեկավարին տրամադրել գնահատման հաշվետվությանն ի լրումն գրությունն այն մասին, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը, 20.04.2015թ. դրությամբ, կարող է կազմել 1.150.000 ՀՀ դրամ:
Այնուհետև, 2017թ. հոկտեմբերի 23-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ լոտի մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1.150.000 ՀՀ դրամ: Արդյունքում աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին, որը 2017թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1.265.000 ՀՀ դրամով, որի արդյունքում համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: