կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 19:16
Հասարակություն

Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է

Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է

Տավուշի մարզի Այգեհովիտ – Վազաշեն - Պառավաքար համայնքներն իրար կապող նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն անվտանգ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։

 Միջպետական ճանապարհի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:

 Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612,8 մլն դրամ նախահաշվային արժեքով:

 2014թ. փետրվարի 27-ին «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519 759 908 ՀՀ դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետի խախտման հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել:


2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն` աշխատանքներն իրականացրել է «Խաչհար» ՍՊ ընկերությունը։

 Կապալի պայմանագրի արժեքը կազմել է 356 341 937 ՀՀ դրամ: Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին: Սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, տեղումների առատությունը թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում իրականացնել:

 Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից որոշում կայացվեց ժամանակավորապես դադարեցնել ճանապարհի կառուցման աշխատանքները:

«Խաչհար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2015թ. հուլիսի վերջը: Կապալառու ընկերությունը պարտավորվեց աշխատանքներն ավարտել 2014թ. կնքված պայմանագրի գումարի շրջանակներում:

Կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը:


Մասնավորապես, ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է անվտանգ երթևեկի համար պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ՝ 150մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ: Կառուցված 6 ոլորանները, որոնց լայնությունը 10-12մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով  մեծ բեռնատարների շարժը:

Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։