Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 17-19-ը Երեւանում կանցկացվի Ջազի փառատոն` Yerevan Jazz Fest-2015-ը: Փառատոնը կազմակերպել է նորաբաց` Ջազի հայաստանյան ասոցիացիան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը նշեց, որ ասոցիացիայի հիմնումն ու ջազի փառատոն անցկացնելը նպատակ ունեն վերականգնել հին ավանդույթը, երբ տարիներ առաջ Հայաստանը տարածաշրջանում ջազային մայրաքաղաք էր: Նա նշեց նաև, թե ուզում են, որ Երևանը ներկայանալի լինի ջազի ասպարեզում, մանավանդ` մենք ունենք արմատներ ջազի ոլորտում:
Ասոցիացիայի հիմնադիրներից Վազգեն Ասատրյանն էլ նշեց, որ տարիներ առաջ նույնպես փոքր մասշտաբի փառատոներ են կազմակերպվել, բայց դրանք անհատների էնտուզիազմի հաշվին են եղել, այժմ ժամանակն է դուրս գալ սահմաններից: «Ասոցիացիան ստեղծվել է, որպեսզի ոչ թե մոնոպոլիզացնի ջազի ոլորտը, այլ աջակցի երիտասարդներին, ջազմեններին: Մի շարք երկրներում անցկացվում է նաև երիտասարդների ջազ փառատոն: Մենք ուզում ենք, որ մեզ մոտ էլ առաջիկայում այն կյանքի կոչվի: Ասոցիացիան ոչ միայն համերգների, փառատոների կազմակերպմամբ կզբաղվի, այլ նաև կլինեն հրապարակումներ` գրքերի տեսքով, որոնցում ներկայացված կլինի հայկական ջազի պատմությունը»,- ասաց Ասատրյանը:
Ըստ նրա` ջազի ոլորտում մենք մեծ «նավ» ունենք, որը կարող է օվկիանոսում լողալ, բայց հիմա Սևանից դուրս չի գալիս:
Հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանն էլ նշեց, որ անհամբեր սպասում է փառատոնի մեկնարկին: «Կարծում եմ` փառատոնն իր ուրույն տեղը կգտնի ջազի աշխարհում և նոր էջ կբացի ջազի ասպարեզում, քանի որ վերջապես փառատոնի շուրջ միավորվեցին ընկերներ, ջազմեններ, կազմակերպություններ և ուղղակի ջազի սիրահարներ»,- ասաց նա:
Փառատոնային երեք օրերին հայ հանդիսատեսի համար ելույթներով հանդես կգան Հայկական սիմֆոնիկ-ջազ նվագախումբը, Արցախի ջազ նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Նինո Կատամաձեն, Լորեն Ռոբինը, Աբրահամ Գումրոյանը, Արթուր Սաթյանը, Ռիչարդ Բոնան, Հյուբերտ Թաբսը, Մարիամ և Արմեն Մերաբովները, Էռնա Յուզբաշյանը, Արմեն Հյուսնունցը և այլք: