Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում զեկուցեց, որ իրենք հուլիսի 15-ին նմուշներ են վերցրել Սևանից, ու միայն 2 դեպքում են փոքր շեղումներ հայտնաբերվել, հետևաբար` Սևանում լողալն անվտանգ է։
Դիտարկմանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց այդ երկու տեղից կրկին նմուշներ վերցնել՝ լիարժեք վստահ լինելու համար, ապա հարցրեց` եթե առողջապահության նախարարությունն առանձնահատուկ հայտարարություն չի անում, ուրեմն լողալ կարելի՞ է։ Փոխնախարարն արձագանքեց, որ եթե շեղումներ չկան, ապա իրենք հատուկ հայտարարություն չեն անում, հայտարարություն կլինի, եթե շեղումներ լինեն։
Այնուամենայնիվ, խնդիրների մասին ահազանգեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ այս տարի լճի տարբեր հատվածներում խեղդվելու 6 դեպք է գրանցվել։ Նախարարի ահազանգը վերաբերում էր նրան, որ լողափերն անհրաժեշտ է պատշաճ կահավորել։
«Ես խմբեր եմ ստեղծել, ամեն մի ափին մարդ եմ պահում, հենակետեր եմ ստեղծել, որ մարդկանց անվտանգություն ապահովեմ: Բնապահպանության նախարարին ես ասել եմ՝ Սևան ազգային պարկը միջոցներ չունի էս ամենն անելու համար» – ասաց նա ու մանրամասնեց, որ շատ դեպքերում իրենք անձնակազմ ունեն, բայց գործիքներ չկան, թերի է նաև համալրվածությունը։
Ֆելիքս Ցոլակյանը նաև տեղեկացրեց, որ սուզորդների աշխատանքի ընդունման հայտարարություններ են անում․ աշխատանքը 3 օրը մեկ է, աշխատավարձը՝ 100 հազար դրամ, իսկ պարգևատրումների հաշվին նախարարը խոստանում է կրկնապատկել այդ աշխատավարձը։
Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Սևանի ծաղկման խնդրին անդրադարձավ նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ այսօր վիճակը բավական լավ է, նաև` թափանցիկության առումով:
«Բայց կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն են: Այս պահին լավ է վիճակը»,- հայտնեց նախարարը` հավելելով, որ այս պահին մակարդակը երկու սանտիմետրով ավելի բարձր է՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի:
Վարչապետն արձանագրեց՝ Սևանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: