կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 23:56
Մշակույթ

Հայաստանի ջազի ասոցիացիան այս տարի Ջազի միջազգային օրը կնշի վիրտուալ հարթակում

Հայաստանի ջազի ասոցիացիան այս տարի Ջազի միջազգային օրը կնշի վիրտուալ հարթակում

Հայաստանի ջազի ասոցիացիան, որը 2019 թվականին Ջազի միջազգային օրը տոնեց Հայաստանի տաղանդավոր ջազ երաժիշտների և կուբացի հայտնի դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ համերգային ծրագրով, 2020-ին տոնը նշելու է վիրտուալ համերգով:

Ապրիլի 30-ին կայանալիք լայվ համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև՝ համաձայն որի 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար  Իրինա Բոկովան: