կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 17:33
Աշխարհ

Քաղաքը, որի Կարապի լճում Քանյեն սիրում է լողալ. The Guardian-ը` Երևան այցելելու մասին

Քաղաքը, որի Կարապի լճում Քանյեն սիրում է լողալ. The Guardian-ը` Երևան այցելելու մասին

«Ջրային մարտեր, շենքեր, որոնք նման են սովետական տիեզերանավերի, և նարդու խաղատախտակների ձայները, որոնք շունչ են տալիս Հայաստանի մայրաքաղաքի բակերին»,- հեղինակավոր The Guardian թերթում Երևանի մասին իր հոդվածն այսպես է սկսել հայ լրագրող Լիանա Աղաջանյանը:

«Այն քաղաքը, որի Կարապի լճում Քանյեն սիրում է լողալ» վերնագրված հոդվածում հեղինակը ներկայացրել է այն վայրերը, որտեղ, ըստ նրա, պետք է այցելի Երևան ժամանող յուրաքանչյուր ոք:

Լրագրողը ներկայացրել է երևանյան բակերում իրենց ժամանակը նարդի խաղալով անցկացնող պապիկներին. «Գրեթե յուրաքանչյուր բակում կարելի է տեսնել նարդի խաղացող պապիկների մի խումբ, ովքեր մի կողմից  էլ մասնակցում են տեղական բամբասանքներին»:

Հեղինակն այնուհետև անդրադարձել է երևանյան պուրակներին: Նրա խոսքով` դրանք տասնամյակներ շարունակ վերածվում էին սրճարանների և առևտրի կենտրոնների, սակայն  «2012 թվականին բնակիչները դեմ դուրս եկան իշխանություններին` բողոքելու քաղաքի ամենավերջին հանրային պուրակի ոչնչացման դեմ և հաղթեցին»:

Աղաջանյանի խոսքով` Երևանում հեծանիվների համար անցուղիներ չկան, սակայն հեծանվատերերի թիվն ավելանում է: «Սակայն տաքսիներն այնքան տարածված են, որ շատերն իրենց հույսը դնում են դրանց վրա, ինչպես նաև խորհրդային դարաշրջանի մետրոյի, որը ներառում է քաղաքի կենտրոնական մասը»,- գրում է հեղինակը:

Նա ներկայացնում է Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, որը, ըստ նրա, քաղաքի ամենալավ շենքն է: Նա հիշեցրել է, որ համալիրում համերգով են հանդես եկել բազմաթիվ աշխարհահռչակ երգիչներ, այդ թվում` 2012 թվականին ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:

Աղաջանյանի խոսքով` Երևանը 29 տարով հին է Հռոմից, սակայն շինարարական անվերջ բումի պատճառով նման բան չեք կարող ասել:

Այնուհետև հեղինակը ներկայացնում է, թե Երևանում ինչ կարելի է անել, որը հնարավոր չէ անել այլ քաղաքում:

Հեղինակի խոսքով` Երևանն աշխարհում այն  վայրն է, ուր մարդկանց հանդիպելն ու կապ հաստատելն ամենահեշտն է: «Երևանը փոքրիկ քաղաք է, իսկ հայերն ի բնե հյուրասեր են: Բարերում ընդամենը մի քանի րոպե է պետք` ընկերներ դառնալու համար»,- գրում է նա:

Հոդվածում անդրադարձ է արվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Հեղինակը նշում է, որ այնտեղ լավ հնարավորություններ կան երեխաների համար` իրենց հմտությունները զարգացնելու առումով:

Երևանի բնակիչների հագուկապին անդրադառնալիս հեղինակը նշել է, որ դրանում զգալի փոփոխություն կա: Նրա խոսքով`պաշտոնական ոճը` սև կաշվե բաճկոններն ու սրածայր փայլուն կոշիկները, փոխարինվել են ավելի արտահայտիչ, գունավոր զգեստներով:

Անդրադառնալով Կապույտ մզկիթին` հեղինակը նշում է, որ այն Հայաստանում միակ մզկիթն է ,  և որի հետին բակում կարելի է խոսափել քաղաքի մարդաշատ, աղմկոտ խցանումից:

Հեղինակը նաև առաջարկում է այցելել, նրա բնորոշմամբ, ամենալավ Instagram-յան էջը`«Vscoarmenia»-ն, որը տեղադրում է Երևանի ամենահին եկեղեցիների, ժամանակակից արվեստի,  ինչպես նաև հին մշակույթի վերաբերյալ լուսանկարներ:

Հոդվածում ամենակարևոր անդրադարձը, անկասկած, Արցախի մասին է: «Սովետական միության փլուզումից հետո Ադրբեջանից անկախացած հայաբնակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին նոր մարտերն ավելի են զբաղեցնում երևանցիների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության մտքերը»,-նշում է հեղինակը` հիշեցնելով նախորդ ամսում Երևանից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ ուղարկված 100.000 տոննա սնունդի մասին:

Աղաջանյանը հոդվածում անդրադարձել է նաև Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին` Ծիծեռնակաբերդին, ներկայացնելով դրա պատմությունն ու Հայոց ցեղասպանության իրականությունը:

Հոդվածի վերջում հեղինակը պատմում է նաև Հայաստանում հայտնի  նկարիչ` 21-ամյա Ռոբերտ Նիկողսյանի մասին, ով Երևանի փողոցներում պատկերել է հայտնի հայերին` Ֆրունզե Մկրտչյանին, Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին:

Եզրափակելով հոդվածը` հեղինակը Երևան այցելողներին հորդորել է գնալ Կարապի լիճ, որտեղ սիրում է լողալ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամեանի