կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 21:45
Հասարակություն

Սևանում լողալ չի կարելի՝ թույները կարող են առաջացնել մաշկային, նեյրոտոքսիկոլոգիական խնդիրներ, լյարդի խանգարումներ․ ԳԱԱ ավագ գիտաշխատող

Սևանում լողալ չի կարելի՝ թույները կարող են առաջացնել մաշկային, նեյրոտոքսիկոլոգիական խնդիրներ, լյարդի խանգարումներ․ ԳԱԱ ավագ գիտաշխատող

Օրերս Սևանի ափին սատկած կովի լուսանկար տարածվեց։ Շատ հնարավոր է, որ Սևանի ջրից խմելու հետևանք լինի, քանի որ լճում «ծաղկում» առաջացրած ցիանոբակտերիաները թունածին տեսակն են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը։

Նա անձամբ է Սևանի՝ կանաչած ջրի նմուշը Ռուսաստան տարել, հետազոտել առաջնակարգ լաբորատորիայում ու պարզել՝ մեջը թունածին բակտերիա կա։

«Այդ պահին արտասահմանում նմանատիպ ուսումնասիրություն իրականացնելու հնարավորություն կար և ես դա ևս արեցի 2018-ին։ Մեր ուսումնասիրություններով հաստատվել է, որ Սևանում «ծաղկում» առաջացնող ցիանոբակտերիան «անաբենա» ցեղից է, որոնք լինում են թունածին և ոչ թունածին։  Սակայն մեր՝  2018 թ-ին կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք թունածին տեսակներն են, այսինքն ունակ են արտադրելու թույներ, քանի որ թունաբանական ուսումնասիրություն կատարեցինք և հայտնաբերեցինք միկրոցիստին լճում։ Հաջորդող՝ 2019-2020 թթ մեր ուսումնասիրությունները հայտնաբերել են ցիանոբակտերիայի նույն ցեղի նույն տեսակի «ծաղկում», որը նույնպես ենթադրում է թունավոր «ծաղկում»,-ասաց ավագ գիտաշխատողը։

Այստեղ միակ խնդիրը թույնի խտությունն է՝ կոնցենտրացիան, ինչ չափաքանակի դեպքում է թունավոր մարդու և կենդանիների համար։

«Ամբողջ լիճն ուսումնասիրելը բավական թանկարժեք աշխատանք է, բայց, ստացված արդյունքներից կարող եմ ենթադրել, որ լճի այն հատվածներում, որտեղ կան այդ ցիանոբակտերիաների չափազանց մեծ կուտակումներ, կարող են վտանգավոր լինել ինչպես մարդու, այնպես էլ կենդանի օրգանիզմների առողջության համար»,-ասաց ավագ գիտաշխատողը։

Սա նշանակում է Սևանում լողալ չի կարելի և չի կարելի այդ ջրով ոռոգել դաշտերը։

«Իհարկե, լողալ չի կարելի, որովհետև թույները կարող են առաջացնել մաշկային խնդիրներ, եթե անգամ կուլ չտան ջուրը, նեյրոտոքսիկոլոգիական, լյարդի տարբեր օրգանների խանգարումներ։ Բայց քանի որ լողալիս ոչ միայն հպվում են, այլև կուլ են տալիս ջուրը, թույներն անցնում են օրգանիզմ»,-ասաց նա։

Գոռ Գևորգյանը այս պահին էլ Սևանում է և հետազոտություններ է իրականացնում։ Վստահեցնում է՝ ջրիմուռը կամ ցիանոբակտերիան հիմա էլ նույնն է, ինչ այն ժամանակվանն էր և ենթադրում է, որ թունավոր է։ Թեև կոնկրետ կետերում թույնի խտությունը որոշելու համար ավելի լայնամասշաբ ուսումնասիրության կարիք կա, բայց գիտաշխատողն ասում է՝ քանի որ թույնի առկայությունը փաստված է, նշանակում է՝ վտանգը կա։

«Ամեն դեպքում, օրինակի համար՝ ես, եթե գիտեմ, որ լճում ինչ-որ տեղ կա թույն, ես չեմ նայի նույնիսկ կոնցենտրացիան ինչքան  է, չեմ լողանա, որովհետև դա արդեն ռիսկային է»,-ասաց նա։

Գոռ Գևորգյանի համոզմամբ՝ Սևանը, իբրև խմելու ջրի պոտենցիալ աղբյուր այս պահին արդեն պիտանի չէ։ Ավելին, այդ ջրով դաշտերը ոռոգելն էլ վտանգավոր է։

«Ոռոգելու համար, իհարկե, նորից վտանգավոր է, քանի որ թույները կարող են առաջացնել մշակաբույսերի անկում։ Ինչպես նաև այն մշակաբույսերը, որոնց պտուղներն անմիջապես շփվում են այս թույների հետ, օրինակ, գազարը, կարող է գազարի մակերեսին կուտակվել այդ թույնը ոռոգման միջոցով և անցնել մարդու օրգանիզմ։ Նույնը ձկանն է վերաբերում․ կարող է անցնել ձկան օրգանիզմ, կուտակվել, այնուհետև անցնել մարդու օրգանիզմ»,-վստահեցրեց ԳԱԱ ավագ գիտաշխատողը։

Կոնկրետ որ հատվածներում են կուտակված թույները, ուսումնասիրված չէ, միայն մի քանի կետից է նմուշառում իրականացվել, այն էլ ոչ այնքան ծաղկած տեղերից և անգամ այդ հատվածներում թույնի բավականին մեծ խտություն հայտնաբերվել է։ Այդ պատճառով գիտնականները ենթադրում են, որ մեծ կուտակումներով հատվածներում կարող են լինել այնպիսի կոնցենտրացիաներ, որ թունավոր լինեն մարդու և այլ կենդանի օրգանիզմների՝ ջրային օրգանիզմների և կենդանիների համար, որոնք կարող են խմել այդ ջուրը։

«Հիմնականում նմուշառումն իրականացնում եմ Մեծ և Փոքր Սևանների ամենախորը կետերից, քանի որ ուսումնասիրությունն ուղղված է ընդհանրապես Սևանի կառավարման մոդելի մշակմանը և էկոլոգիայի ավելի լավ ընբռնմանը։ Որպես ներկայացուցչական կետ ամենախորը հատվածից եմ վերցնում, որ լճի ամբողջ պրոֆիլը ցուցանշի․ փոքր Սևանում ամենախոր կետը 80 մ է, Մեծ Սևանում՝ 30»,-ասաց Գոռ Գևորգյանը։

Նա մեկ ամիս առաջ միջազգային հեղինակավոր ամսագրում հոդված է հրատարակել, որը Սևանա լճում տոքսիկ ցիանոբակտերիաների «ծաղկման» առաջին զեկույցն է։ Այնտեղ խոսվում է «ծաղկում» առաջացրած ցիանոբակտերիաների, դրանց թույների, առաջացման պատճառների, գործոնների մասին։

Սեղմ ներկայացնելով զեկույցի շեշտադրումները՝ Գոռ Գևորգյանն ասաց, որ «ծաղկման» հենց այս տեսակն առաջանում է ֆոսֆորի պարունակության ավելացումից, քանի որ կա ֆոսֆոր-ազոտ հայտնի հարաբերակցություն լճերի համար, որից ելնելով մեր լիճը հարուստ է ֆոսֆորով։

Ֆոսֆորի ավելացման պատճառը շրջակա բնակավայրերի կոմունալ-կենցաղային արտանետումներն են, ջրի տակ մնացած կանաչ տարածքներն ու այլ գործոններ։

«Բոլորիս հայտնի է, որ այսօր Սևան թափվող գետերը որպես կոյուղատար են ծառայում։ «Բացի այդ, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով անտառածածկ ու խոտածածկ այդ տարածքներն անցան ջրի տակ, որոնք ևս քայքայվում են և վերածվում կենսածին տարրերի պարունակության։ Տնտեսական գործունեության արտանետումները»,-ասաց Գոռ Գևորգյանը

Շատ կարևոր մի գործոն էլ կա․ Սևանի ջրի մակարդակի՝ 20 մետրով իջեցումը վերացրել է հատակի պաշտպանիչ սառը շերտը։

«Ծաղկմանը նպաստել է նաև ջրի մակարդակի իջեցումը, որովհետև, ինչպես հայտնի է, Սևանի ջրի մակարդակի իջեցումը մոտ 20 մետրով հանգեցրել է Սևանում հատակային սառը շերտի անհետացմանը, որը պաշտպանիչ դեր է կատարում, այսինքն, պաշտպանում է, որ հատակից այդ կենսածին նյութերը չանցնեն ջուր»,-ասաց նա։

Ծաղկմանը նպաստել է նաև ձկների պաշարի բավականաչափ քչանալը, քանի որ ձկները նույնպես հանդիսանում են մաքրող օղակ։

«Լինելով սննդային շղթայի վերջին օղակ, ձկները դուրս են բերվում լճից՝ իրենց հետ հանելով օրգանական նյութ: Ձկների պաշարների նվազումը նպաստում է նրանցից ներքև գտնվող օղակների զանգվածների ավելացմանը, այսինքն, ձկները չեն ուտում իրենց սնունդը, որը մնում է ջրում և նպաստում է օրգանական նյութի կուտակմանը։ Խեցգետինները նույնպես հատակի մաքրման ֆունկցիա են կատարում, որի պաշարը ևս զգալի նվազել է և խնդիրը նույնպես մեծ է»,-նշեց նա։

Այս բոլոր գործոնները գումարվել են։

«Ամեն ծաղկումից հետո, երբ ջրիմուռները անկում են, նստում են հատակին, նորից քայքայվում են, վերածվում կենսածին նյութերի և նորից նպաստում են այդպիսի ծաղկումների՝ բարենպաստ ջերմաստիճանային պայմաններում, որը բարձր ջերմաստիճանն է։ Օրինակ, եթե ձմեռը ունենանք բարձր ջերմաստիճան, այդ ծաղկումը ձմեռն էլ կդիտվի»,-ասաց Գոռ Գևորգյանը։

«Ծաղկումները» էվտրոֆացման պրոցեսներ են, որոնք խորանալով վերածվում են ճահճացման, որն էկոլոգիական աղետ է մեր երկրի համար։

Ավագ գիտաշխատողը նշեց, որ պետք է հսկել թե՛ ֆոսֆորի, թե՛ ազոտի պարունակությունը, որ դրանք հնարավորինս քիչ թափանցեն լիճ, քանի որ ազոտի պարունակության բարձրացումն էլ ազոտ չֆիքսող ցիանոբակտերիաների աճին կհանգեցնի․ այդ երկու կենսածին տարրերն էլ պետք է կառավարվեն։

Ափին մաքրման կայաններ կառուցելու և ջրի տակ մնացած ծառերը հեռացնելու՝ պետական աշխատանքները, Գոռ Գևորգյանի համոզմամբ, կնպաստեն լճի վիճակի բարելավմանը, բայց ճիշտ չի լինի սպասել, որ այդ միջոցառումների շնորհիվ հաջորդ տարի կլուծվի խնդիրը։

«Դա տևելու  երկար տարիներ, քանի որ Սևանն ունի ինքնամաքրման շատ դանդաղ ընթացք․ 28 գետ է թափվում Սևան, իսկ դուրս է գալիս ընդամենը մեկը։ Նույնիսկ եթե կառավարենք կենսածին նյութերի ներթափանցումը, դրանք արդեն ջրի մեջ կան»,-նշեց Գոռ Գևորգյանը։

Սևանի ջրի բարձրացմանը նպաստող աշխատանքը, նրա համոզմամբ, այսպես թե այնպես, պետք է իր հունով գնա։

Կանաչած ջուրը զտելու ինժեներական մեթոդներ կան, նշեց Գոռ Գևորգյանը, բայց, որքանով ինքն է ուսումնասիրել, դրանք փոքր մակերեսների՝ ձկնաբուծարանների, փոքր ջրամբարների համար են կիրառելի, մինչդեռ Սևանը Կովկասի ամենախոշոր քաղցրահամ ջրի պաշարն է, որի համար այդ մեթոդները նա կիրառելի չի համարում։

Գոռ Գևորգյանը նաև համոզված է, որ լճում, հատկապես`ցիանոբակտերիաների խիտ կոնցենտրացիայով հատվածներից թունաբանական ուսումնասիրություն պետք է կատարի ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ էկոլոգիական ուսումնասիրություն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Աննա Բալյան