կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 17:36
Քաղաքական

Հուզական, նեղացած ՀԱԿ-ը եւ 5 հոգով 7 երգ երգող «Ժառանգություն»-ը. ՀՀԿ

Հուզական, նեղացած ՀԱԿ-ը եւ 5 հոգով 7 երգ երգող «Ժառանգություն»-ը. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահի ու քաղաքական խմբակցությունների միջև հանդիպումները: Հիշեցնենք, որ երեկ նախագահը հանդիպել է ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այսօր` ՀՀՇ-ի: Ի դեպ, ՀԱԿ-ը հրաժարվեց ընդունել հանդիպման հրավերը, «Ժառանգությունը» նույնպես չգնաց նախագահական:

ՀԱԿ-ի դիրքորոշման հետ կապված` Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀԱԿ-ը ոչ միայն չի գնում երկխոսության, այլև անգամ առաջարկություններ չունի: «Նրանք հուզական, նեղացած  են խնդիրներ առաջ քաշում: Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը անգլերենով, խախտելով լեզվի մասին օրենքը, լրիվ այլ բաների մասին էր խոսում` առանց որևէ առաջարկություն ներկայացնելու: Ինձ թվում է, թե այդ մարդիկ չգիտեն, թե ինչ են ուզում, պարզապես ասում են` մենք ուզում ենք լինել իշխանություն, բայց իշխանությունը տալիս կամ վերցնում են սահմանադրական ճանապարհով: Իսկ ՀԱԿ-ը գիտի, որ չունի այդ ռեսուրսն ու ժողովրդի աջակցությունը` սահմանադրական ճանապարհով վերցնելու իշխանությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է « Ժառանգության» դիրքորոշմանը, Վահրամ Բաղդասարյանը նախ խնդրեց հստակեցնել, թե ո՞ւմ նկատի ունենք «Ժառանգություն» խմբակցություն ասելիս: «Ինձ համար «Ժառանգությունը» անհասկանալի է, բառը կա, բայց չգիտեմ` ում մասին է խոսքը: Երբ ինձ հարցնում են «Ժառանգության» մասին, ես հարցնում եմ` իսկ ո՞ւմ նկատի ունեք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե, մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի դիրքորոշման վերաբերյալ ի՞նչ մեկնաբանություն ունի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ Ռուբիկ Հակոբյանը հայտարարում է, թե ունեն առաջարկություններ, և եթե դրանք ընդունվեն, ապա «Ժառանգությունը» դեմ չէ սահմանադրական փոփոխություններին: Միաժամանակ, «Ժառանգությունը» հարցազրույցներում հայտարարում է, որ դեմ են նախագահի հետ քննարկման գնալուն: «Բայց իրենք պետք է ներկայացնեն այդ փոփոխությունները, դիրքորոշումները, եթե չեն գնում հանդիպման, ապա ո՞վ պետք է ներկայացնի այդ տեսակետները, առաջարկությունները: «Ժառանգություն»-ում, ինչպես միշտ, 5 հոգով 7 երգ են երգում, այսինքն` մեկը մյուսի հետ կապ չունեցող մարդիկ, ովքեր մեկ-մեկ իրար գլխի են հավաքվում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի դիրքորոշմանը, մասնավորապես, որ այն արդեն սկզբունքորեն դեմ չէ սահմանադրական բարեփոխումներին: Ըստ նրա` ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունը կապված է բանակցություններին ու քննարկումներին մասնակցելու հետ, մինչդեռ` ՀԱԿ-ը վախենում է գնալ քննարկումներին, որովհետև հակառակն ապացուցելու փաստարկներ չունի:

Բաղդասարյանի խոսքով` նախագահը լսում է բոլոր առաջարկությունները, և ընդունվում են դրանցից լավագույնները: Եվ եթե հանկարծ ՀԱԿ-ի առաջարկություններն ընդունվեին, ապա ինչպե՞ս, ի՞նչ հիմքով նրանք պետք է մերժեն սահմանադրական փոփոխությունները: «ԲՀԿ-ն ուսումնասիրեց, կարդաց նախագիծը և եկավ քննարկումներին, ներկայացրեցին առաջարկություններ, հեռանկարային առաջարկները ընդունվեցին, և աստիճանաբար, այդ քննարկումների արդյունքում փոխեցին իրենց տրամադրվածությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: