Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էին կառավարության ներկայացրած օրինագծերը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հերթագրվեց ելույթի համար: Նա, փաստորեն, նպատակ ուներ հակահարված տալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ ցավ է ապրում այն փաստի համար, որ փետրվարին ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, ջախջախվեց:
Վահան Բաբայանը նշեց. «Կարճ անդրադառնամ որոշ շիզոֆրենիկ հայտարարությունների: Այս ամբիոնից քաղաքականությունից խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում հարյուր հոգուց ավելի չեն կարողացել հավաքել, ովքեր չեն կարողացել տեղամասերում իրենց ներկայացուցիչներն ապահովել, դա ուղղակի ծիծաղելի է: Այս ամբիոնը մի\' օգտագործեք էժանագին փիարի համար: ԲՀԿ-ի անունն էլ մի\' տվեք, մտածեք Ձեր և Ձեր քաղաքական ուժի հեղինակության մասին: Իմացեք` որտեղ ինչ եք խոսում: Քաղաքականությունը բարձր ճղճղալը չէ, լուրջ քննադատեք, մենք էլ Ձեզ պատասխանենք, բայց Դուք ամեն անգամ նույն տեքստերն եք ասում: Ստեղ բարձր ճղճղում եք, բայց հարյուր հոգի մարդ չունեք` Ձեզ հետևող: Դուք արդեն ֆիասկո ապրած, տապալված քաղաքական ուժ եք, շնորհավորում եմ ձեզ»:
Զարուհի Փոստանջյանի ելույթին անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Միքայել Մելքումյանը: «Դուք քաղաքական կուսակցությանը անվանում եք ջախջախված, երկրորդ քաղաքական ուժը և իր որակով ու թվաքանակով այստեղ նստած է, ներկա է, բայց Դուք ասում եք՝ ջախջախված: Բա «Ժառանգություն»-ը փետրվարին որտե՞ղ էր, ջախջախված չէ՞ր, որ Դուք հիմա մենակ եք մնացել: Մենք պետք է այս ամբիոնից քաղաքական դիրքորոշումներ հայտնենք: Ես չեմ տեսել, որ Դուք որևէ օրենքի շուրջ որևէ կարծիք արտահայտեք, տարբերակեք հակապետական գործունեությունը իշխանության դեմ գործունեությունից: Կոռեկտության կոչ եմ անում Ձեզ: Եթե Ձեզ թվում է, որ, այսպես շարունակելով, Ձեր դիվիդենդները կմեծանան, չարաչար սխալվում եք: Դուք վարկաբեկում եք ընդդիմությունը, անգամ` քաղաքական տեխնոլոգիաների չեք տիրապետում: Դուք` որպես ընդդիմություն, չեք ձգում ո\'չ գերազանցի, ո\'չ լավի, ո\'չ էլ բավարարի, հաշվի նստեք այդ փաստի հետ: Դուք անբավարար ստացող ընդդիմություն եք»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Զարուհի Փոստանջյանը տեղից հայտարարեց, որ ԲՀԿ-ն մի քանի ամիս առաջ նույն հարցի և նույն անձի վերաբերյալ այլ բան էր ասում, իսկ հիմա՝ միանգամայն այլ բան: