Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սեպտեմբերի 13-ին Երևանի կամերային երաժշտության տանը կայացավ Շուշիի «Վարանդա» երգչախմբի «ԵՐԳՈՂ ԱՐՑԱԽ» խորագրով համերգը։ Այս մասին տեղեկություն է տարածել Համազգայինի Երևանի գրասենյակի պաշտոնական էջը։
«Երևանում, Աբովյանում, Մասիսում ապաստանած Արցախի փոքրիկները միավորվել էին խմբավար, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի շուրջը` նորից ու նորից հնչեցնելու Արցախի ձայնը, որը ապրելու, արարելու, հավատի ու պայքարի ձայն է։
Համերգը բացվեց Զաքար Քեշիշյանի խոսքով։
«Երգում ենք, որ մեր երգի տատանումները հասնեն Արցախի հողին, և նա զգա, որ ուր էլ լինենք, մեր սրտերը տրոփում են իր շնչառության կշռույթով», - նշեց Քեշիշյանը։
Հովանավորության համար նա շնորհակալություն հայտնեց Արևելյան Ամերիկայի Կիլիկյան Թեմի առաջնորդարանին, երգչախմբի համար հին ու նոր երգեր հորինած բոլոր սերունդների բանաստեղծներին ու երգահաններին։
Զաքար Քեշիշյանը կարևորեց, որ համերգի կայացմանն իրենց ողջունելի մասնակցությունն են ցուցաբերել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանի և Հադրութի «Դիզակ արտ» մշակութային կենտրոնի սաները։
«Երգող Արցախ» խորագրով համերգին ներկա էին Համազգայինի մեծ ընտանիքից ընկերներ ու ընկերուհիներ. Համազգայինի Կենտրոնական վարչության անդամներ Արտաշես Շահբազյանը, Արևիկ Գաբրիելյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, մտավորականներ, հասարակական ու մշակութային գործիչներ` Հայաստանից, Արցախից, Սփյուռքից»։