կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 18:00
Քաղաքական

Պերմյակովի վերաբերյալ նախարարի հուզական հայտարարությունները չբավարարեցին

Պերմյակովի վերաբերյալ նախարարի հուզական հայտարարությունները չբավարարեցին

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը Պերմյակովի գործի վերաբերյալ: Պատգամավորը նախ նշեց, որ ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է նախատեսվում ՀՀ սահմանն ապօրինի խախտողի նկատմամբ, և որ խախտող անձին պետք է հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին:

 

«Սահմանը խախտելու պահին բռնել են Պերմյակովին, նա նշվում է որպես սահմանախախտ, սակայն խախտվել է ՀՀ օրենսդրությունը, և նա հանձնվել է 102-րդ ռուսական ռազմաբազա: Ինչո՞ւ և ինչպե՞ս է դա հնարավոր եղել, ինչո՞ւ կառավարության առընթեր մարմինները չեն ապահովել օրենքի այս կետի իրականացումը: Ինչպե՞ս է ոստիկանական պոստերի միջով Պերմյակովը տարվել ռազմաբազա: Երեկ տեղեկացանք, որ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ: Բայց ի՞նչ վարույթի մասին է խոսքը, եթե Ռուսաստանի իրավապահ մարմիններն են վարելու գործը: Պատրաստվո՞ւմ է կառավարությունը և նրան առընթեր մարմինները պաշտոնապես դիմել` Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին»,- հարցրեց պատգամավորը:

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ դեպքն առաջացրել է բազմաթիվ` իրավական բնույթի հարցեր, և որ այս պահին ՀՀ-ի և ՌԴ-ի կողմից իրականացվում է առանձին հանցակազմերով գործերի քննություն։

 

«ՀՀ կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություններ անել՝ կապված քննչական և դատական սուվերենության, համապատասխան իրավապահ մարմինների իրավասությունների սահմանների և գործի քննության և այլ իրավական հարցադրումների հետ: Մենք մտահոգված ենք, որ այն դեպքում, երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, քաղաքական, հուզական կամ այլ բնույթի հարցադրումները և հայտարարությունները կարող են անհարկի միջամտություն լինել, վտանգ պարունակել՝ խանգարելով քրեական գործով համապատասխան իրավական ընթացակարգերին»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

 

Նա նաև հավելեց, որ ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունները համագործակցում են, ինչը կապահովի քրեական գործերի քննության բազմակողմանիությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը: «Այս պահին նաև առկա է ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունն իր գործընկերոջը, որի ճակատագրի մասին առաջիկայում, հավանաբար, կիմանանք։ ՀՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել իր իրավասության շրջանակներում աջակցել ցանկացած գործընթացի, որը խնդրի ոչ միայն օրինական լուծման հնարավորություն կստեղծի, այլ նաև հանրային ընկալման տեսակետից կհամապատասխանի արդարության չափանիշներին և սահմանմանը։ Հուսով ենք, որ մենք, այնուամենայնիվ, դրա ականատեսը կլինենք»,- նշեց նախարարը` հավելելով, որ Գևորգ Կոստանյանը խորհրդարանական լսումների ժամանակ արդեն պատասխանել է մի շարք հարցերի, և դրանից ավելին առայժմ չեն կարող ասել:

 

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, թե ոչ ոք չէր ակնկալում, որ նախարարը կմոտենա ամբիոնին ու քաղաքական-հուզական հայտարարություններ կանի: «Խոսքը գնում է ոստիկանության ու ԱԱԾ-ի գործառույթների մասին, իսկ հարցս կոնկրետ է` խախտվել են ՀՀ օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը: Ինչո՞ւ ձեր կառավարությունը և առընթեր մարմիններն ի վիճակի չեն եղել ապահովել օրենքի կատարումը»,- հարցը կրկնեց պատգամավորը:

 

Արդարադատության նախարարը տվեց նույն պատասխանը, որ կառավարությունը կանի ամեն ինչ` իր լիազորությունների սահմանում, որ գործը իրավական տեսանկյունից ճիշտ ընթացք ունենա, նաև հանրային ընկալման տեսակետից արդարացի քննվի: