Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում այս պահին շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատական նիստը: Դատախազը քիչ առաջ հրապարակեց Պերմյակովի գործով եղած ապացույցները:
Մանավորապես դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունները, համաձայն որի` Պերմյակովի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չկան: Նա ագրեսիվ վարք և թմրանյութերից կախվածություն չունի և պիտանի է ծառայությանը: Հրապարակվեցին նաև Պերմյակովին պատկանող ինքնաձիգի փորձաքննության արդյունքները, որոնք ռուսական կողմը ձեռք էր բերել հայկական կողմից: Հիշեցնենք, որ դեպքից հետո դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգն առգրավվել էր հայ քննիչների կողմից:
Yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայայցուցիչ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ընթացող դատական նիստը տպավորություն է ստեղծու, թե ռուսական կողմն ամեն կերպ փորձում է հնարավորինս արագ քննել և ավարտել գործը: Որոշ դեպքերում քննությունը ձևական բնույթ է կրում: Իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանը համակարծիք էր այն մտքի հետ, որ դատավարության բոլոր կողմերը փորձում են շտապ ավարտել քննությունը:
Փաստաբանը հայտնեց, որ այսօր դատարանում հրապարակվեցին բազմաթիվ տվյալներ, որոնք իրենց համար նոր էին և գործի համար էական նշանակություն ունեն: Անդրադառնալով դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին, որով Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել, փաստաբանը հայտնեց, որ իրենք միջնորդելու են, որպեսզի հայկական կողմը փորձաքննություն անցկացնի: Դատարանը 40 րոպեով ընդմիջում է հայտարարել, որից հետո դատախազը հանդես կգա մեղադրական ճառով: