կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-23 13:01
Իրավական

Դատավորը շրջանցեց այն հարցը, թե որտեղ է Պերմյակովն իր պատիժը կրելու

Դատավորը շրջանցեց այն հարցը, թե որտեղ է Պերմյակովն իր պատիժը կրելու

Հայտնել ենք, որ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Դատավոր Հարություն Մովսեսյանն իր վճռում այդպես էլ չանդրադարձավ այն կարևորագույն հարցին, թե որտեղ է, ի վերջո, Պերմյակովն իր պատիժը կրելու:

Այս կապակցությամբ լրագրողները հարց ուղղեցին Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանին՝  ճշտելու, թե որտեղ է նրա պաշտպանյալը կրելու պատիժը: «Մեղադրողն իր ճառում պետք է այդ հարցին անդրադառնար, դրա համար էլ պաշտպանական կողմն իր ճառում նույնպես դրան չանդրադարձավ՝ մտածելով, որ դատարանն իր դատավճռում այդ հարցին կանդրադառնա, բայց ինչպես տեսանք, դատարանն էլ այդ հարցը շրջանցեց»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին պաշտպանական կողմի համար էլ է այդ հարցն անհասկանալի: Պաշտպանը նշեց, որ Պերմյակովի հետ խորհրդակցելուց հետո կորոշի՝ վճիռը բողոքարկելո՞ւ են, թե՞ ոչ:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար: