Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը ստիպված է եղել փախչել իր հայրենիքից։
«Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել իր տունը։ Այս ամենը տեղի չի ունենում միայն վախի ներքո։ Այնպես չէ, որ նրանք պարզապես թողեցին իրենց ամեն ինչն ու հեռացան։ Նրանք ծանրակշիռ պատճառներ ունեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Լոուրենսը՝ ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով ներկայում ստեղծված իրավիճակի հրատապությունը, ծանր ու անշրջելի հետևանքների ռիսկերը։
Այդ համատեքստում նա փաստերով անդրադարձել է ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի շրջափակման հետևանքներին, այնպես էլ դրան նախորդած ժամանակաշրջանում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։
Լոուրենսն ընդգծել է, որ ԼՂ-ի էթնիկ հայերը չափազանց լավ գիտեն, որ այս ատելությունը խթանվել և ներդրվել է ադրբեջանական հասարակության բոլոր մակարդակներում։ Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել էթնիկ հայերին դեռ դպրոցից։
Փաստաբանի խոսքով՝ հայերը չեն կարող մոռանալ 2020 թվականի 44-օրյա պատերազմը։
«Դատարանն անպայման կհիշի այն սարսափելի տեսանյութերը, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը բռնություն գործադրում և մահապատիժ կիրառում անզոր հայերի՝ քաղաքացիական անձանց և զինվորականների նկատմամբ՝ անարգելով նրանց մարմինները։ Բացի այդ, դատարանը կհիշի այսպես կոչված ռազմական հաղթանակի այգին, որտեղ հայ ծառայողները ներկայացված են ռասիստական և անարգող պատկերներով»,-փաստել է Լոուրենսը՝ հիշեցնելով, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր էթնիկ հայեր տեղահանվեցին իրենց տներից, ԼՂ-ի այն տարածքներից, որոնք գրավել էր Ադրբեջանը, որը եռակողմ հայտարարությամբ հանձն էր առել նրանց վերադարձն ապահովել, սակայն ոչ մի անձ չի կարողացել դա անել։ Ի հակառակ սրա՝ Ադրբեջանը 2020 թվականի օգոստոսին զտել է ավելի շատ գյուղեր, որոնք գտնվում էին Լաչինի միջանցքում։
Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումը լավ մտածված պլանի կուլմինացիան էր, բայց մինչ այդ տեղի էր ունեցել ԼՂ-ի շրջափակումը, որի ընթացքում Ադրբեջանը հրաժարվեց կատարել միջազգային դատարանի որոշումները՝ երկու ուղղություններով ապահովելու մարդկանց ու տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը։
«Այս տարվա օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խմբի դիտարկումներով արված հայտարարությամբ նշվել է, որ շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կանգնեցրել է սննդի, դեղամիջոցների, հիգիենիկ պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների ծայրահեղ պակասի խնդրի առջև, ինչը հանգեցնում է բժշկական և կրթական հաստատությունների գործառնությունների կասեցմանը և լուրջ ռիսկի է ենթարկում հատկապես երեխաների, հղի կանանց, տարեցների ու հաշմանդամների կյանքը։ Ավելին՝ Ադրբեջանը խաթարել էր գազի և էլեկտրականության մատակարարումը։ Այս քայլերն էլ ավելի խորացրեցին էթնիկ հայերի տառապանքը, որոնք ի գիտություն ընդունվեցին և դատապարտվեցին միջազգային հանրության կողմից»,- ներկայացրել է փաստաբանը՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ ադրբեջանցի զինվորականները կրակում էին շփման գծին մոտ աշխատող բնակիչների վրա։
Նա հավելել է, որ, արգելելով նույնիսկ փոքր քանակի մարդասիրական ապրանքների մուտքը Լեռնային Ղարաբաղ, գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին Ադրբեջանի զինվորականները կրակում էին դաշտում աշխատող խաղաղ բնակիչների վրա՝ թույլ չտալով, որ նրանք սեփական բերքը հավաքեն կերակրվելու համար, որի հետևանքով այս ընթացքում որոշ էթնիկ հայեր արդեն սովամահ էին եղել, իսկ մնացած սննդամթերքի պաշարները խիստ սուղ էին։