Լապշինի պատմությունը մտնում է նոր, ավելի հետաքրքիր փուլ․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Եթե հիշում եք, 2021-ի հուլիսին մի հանդիպման ժամանակ ես բացել էի 2 տարի առաջ տեղի ունեցած խոսակցության փակագծերը՝ ներկայացնելով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմածները Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցի մասին։
Տևական մտորումներից հետո Վլադիմիր Կարապետյանը որոշել է դատական կարգով վիճարկել իմ հրապարակումները՝ չհերքելով Լապշինի ասած ոչ մի խոսք և կենտրոնանալով սոսկ այն հատվածի վրա, որը ես եմ լսել։ Ստացվում է՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը կասկածում է, որ ես կարող էի լսել իր խոսքերը հնարավոր զոհերի մասին։
Այսպիսով, մտնում ենք դատարան։
Իմ շահերի պաշտպանը փորձառու և հարգված իրավաբան Լուսինե Վիրաբյանն է, ով հայտնի է մի շարք էական ու հաջողությամբ հաղթած դատերով։
Վլադիմիր Կարապետյանին խոստանում եմ նոր փաստեր և նոր տհաճ անակնկալներ արդեն դատարանում, որոնց հետևանքները պակաս տհաճ չեն լինի։
Լրատվամիջոցներին և մեր հայրենակիցներին տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 17։00-ին Էջմիածնում՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի նախնական դատական նիստը։
Մենք պատրաստ ենք նոր բացահայտումների․․․»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):