կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 13:05
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀԿ-ն առաջարկներ է ներկայացնելու

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀԿ-ն առաջարկներ է ներկայացնելու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ներկայիս Սահմանադրությանը և Սահմանադրության բարեփոխված գլուխների թերություններին ու առավելություններին: Պատգամավորի դիտարկմամբ` սահմանադրական բարփոխումները մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից են: «Թերություններ ունի ինչպես գործող Սահմանադրությունը, այնպես էլ` բարեփոխվածը: Երկու համակարգերում էլ կան թերություններ, որոնք համակարգային մոտեցման կարիք ունեն»,- նշեց Մինասյանը: Նրա կարծիքով`գործող Սահմանադրության թերություններից մեկն այն է, որ առկա է երկու առաջնային մանդատ:

«Չի բացառվում, որ երկու առաջնային մանդատ ունեցող մարդիկ նույն քաղաքական կոնցեպցիային չդավանեն և այս պարագայում կոնֆլիկներն անխուսափելի են: Սա կիսանախագահական համակարգի գլխավոր թերությունն է»,- ասաց ՀՀԿ-ականը` հավելելով, որ նախագահն ու խորհրդարանը կարող են յուրաքանչյուրն իրենց մոտեցումները կյանքի կոչել, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ըստ Մինասյանի`բարեփոխված տարբերակի թերությունն էլ այն է, որ խորհրդարանական մոդելը պակաս կայուն համակարգ է: «Պետք է կայուն մեծամասնությունից զերծ մնալ: Կայուն մեծամասնության մասին խոսում ենք միայն վարչապետի ընտրության ժամանակ` մոռանալով, որ այդ մեծամասնությունը պետք է ունենան բոլոր ուժերը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ քաղաքական փոքրամասնության համար պետք է պահպանվի նախաձեռնության հեղինակի իրավունքը: Մինասյանը նշեց, որ առաջիկայում իրենք սահմանադրական բարեփոխումների հրապարակված տեքստի վերափոխման վերաբերյալ առաջարկներ են ներկայացնելու: Մինասյանը նշեց նաև, որ իր համար անհասկանալի է այն ընդդիմադիր քաղաքական ուժերի դիտարկումները, որոնցում քննադատում են սահմանադրական բարեփոխումներն ամբողջությամբ: «Ընդդիմությունը պետք է հստակեցնի իր առաջարկները»,- ասաց Մինասյանը: