Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը սպասում է, թե երբ կհրապարակվի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, երբ կանցկացվեն քննարկումներ, որից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորները կտան իրենց գնահատականները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նա նշեց, որ կողմ է այդ փոփոխություններին, որովհետև միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր քաղաքակիրթ երկրները, որոնք ունեն Սահմանադրություն, միջինը 10-12 տարիների ընթացքում իրականացնում են բարեփոխումներ: Ըստ Կարինե Աճեմյանի` դա և' ժամանակի պահանջ է, և' քաղաքական համակարգի բարելավման հնարավորություն:
«Քանի որ մենք էլ ժողովրդավարացման ճանապարհով ենք գնում և ցանկանում ենք ուժեղացնել կուսակցությունների դերը, այդ առումով Հանրապետականը կողմ է սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Հարցին` արդյո՞ք չկա անհարթություն, երբ երկրի նախագահը հայտարարում է, որ կողմ է կառավարման նախագահական մոդելին, բայց ցանկանում է իրականացնել փոփոխություններ, որոնք կհանգեցնեն խորհրդարանական կառավարման համակարգի, պատգամավորը պատասխանեց, թե նախագահը հայտարարել է, որ կա բարեփոխումների անհրաժեշտություն, և ի վերջո, բարեփոխումներ իրականացվելու են հանրաքվեի միջոցով, այսինքն` որևէ դեպքում իշխանությունը չի կարող հաշվի չնստել հանրության կարծիքի հետ:
Պատգամավորի համոզմամբ`սահմանադրական բարեփոխումները միտված են ժողովրդավարական հասարակության ամրապնդմանը, և նոր կառավարման մոդելն ավելի առաջադիմական է:
Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերի դիրքորոշումներին, մասնավորապես` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ կարող է կարծիք հայտնել միայն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը տեսնելուց հետո, Կարինե Աճեմյանը նշեց. «Բարձր եմ գնահատում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի հենց այդ դրույթը, որովհետև եթե չես տեսել հայեցակարգը, չես կարող դատողություններ անել: Այն քաղաքական ուժը, մասնավորապես` ԲՀԿ-ն, որն իր նախընտրական ծրագրերում այդ դրույթը ներառել է, պիտի մի քիչ ավելի զուսպ արտահայտվի, որովհետև իրենք դեմ չեն սահմանադրական փոփոխություններին»: Նա հավելեց, որ երբ պատրաստ կլինի հայեցակարգը, նախագահը կստորագրի, այն կբերվի ԱԺ, եւ միայն դրանից հետո կարող են կազմակերպել հանրային քննարկումներ: