կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-21 12:26
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների ակունքներում կանգնած են ընդդիմադիրները. ՀՀԿ-ական պատգամավոր

Սահմանադրական բարեփոխումների ակունքներում կանգնած են ընդդիմադիրները. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Պատգամավորի խոսքով` Սահմանադրության նախագծի վերաբերյալ այս քննարկումները բնական են, որովհետև հանրային կյանքի կազմակերպման առանցքային փաստաթղթի մասին է խոսքը:

«Ես նորմալ եմ համարում նաև քննադատությունը: Սա լրջագույն փաստաթուղթ է և տարբեր տեսակի քննարկումներ կարող են լինել: Շատերն այս նախագծի քննարկումներում տեսնում են զուտ կառավարման համակարգի փոփոխություն: Սա օբյեկտիվ է, որովհետև սա ֆունդամենտալ փոփոխություն է»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտարարեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների ակունքներում կանգնած են հենց ընդդիմադիր քաղաքական գործիչները, ովքեր նշում էին, որ այդ փոփոխություններով հնարավոր կլինի ազատվել «Հանրապետական» կուսակցությունից: «Հենց ընդդդիմադիրներն են նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները, որպեսզի կարողանանան ազատվել ՀՀԿ-ից:

Սահմանադրության բարեփոխված տարբերակը տարբերվում է իրավունքի ոլորտում առկա ձեռքբերումներով: Վենետիկի հանձնաժողովը ևս արձանագրում է սա»,- ասաց պատգամավորը` հավելելով. «Երեք տասնյակ նորմերի վերաբերյալ առաջարկներ եմ ներկայացրել, որպեսզի դրանք իրավական առումով ճիշտ լինեն: Օրինակ` պատրաստվում եմ ՏԻՄ բլոկի վերաբերյալ նոր առաջարկներ անել»:

Հարությունյանի բնորոշմամբ` քաղաքական բանական վարքը ենթադրում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ուզենան մասնակցել քննարկումներին: Պատգամավորը նշեց նաև, որ խորհրդարանական կառավարման համակարգը վատ մոդել չէ, բայց Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ Իտալիայի շռայլությունը և երկու տարին մեկ կառավարություն ձևավորել:

Խոսրով Հարությունյանը հիշեց, որ 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվեց ղեկավարել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, բայց նա պարզապես հրաժարվեց:

«Էլ ի՞ նչ ասեմ: Կարող են իրենց առաջարկները ներկայացնել կամ էլ նախագծի քննարկումներին մասնակցել: Մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է, կարող են նաև ընդդիմադիրները միավորվել: Նրանց ջանքերով Սահմանդության կարևորությունն ու ողջ գործընթացն արժեզրկվեց»,- ասաց Հարությունյանը: