կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 18:44
Իրավական

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների ժամկետը երկարաձգվում է

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների ժամկետը երկարաձգվում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:

 

Հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ` նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր: Նա նաև բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության («Ջի-Այ-Զեթ») ցուցաբերած օժանդակությունը:

 

Գագիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ: Հանձնաժողովի անդամները ևս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձևաչափը և աշխարհագրությունն ընդլայնելու հասարակական պահանջարկին: Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն 3 ամսով:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Սարգսյանը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում: