կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 13:40
Քաղաքական

Ստուգումների նվազեցումը «պրիչին» չի. Վարդան Այվազյան

Ստուգումների նվազեցումը «պրիչին» չի. Վարդան Այվազյան

Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով հարկային ստուգումների մասին, նշել է, որ թեև կարևոր է պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, սակայն, ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա: Վարչապետը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ. «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին` վերանայել ռիսկայնության չափանիշները` նպատակ հետապնդելով նվազեցնել ստուգումների քանակը: Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ չխուսափել հարկերը ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ստուգումների նվազեցումը միտված է տնտեսական ակտիվության բարձրացմանը: «Ստուգումներ որ չեն անում, տնտեսական ակտիվությունը բարձրանում է: Ինչքան թեթև է լինում, ինչքան ստուգումները քիչ են լինում, այնքան լրացուցիչ բեռը քիչ է լինում: Ախր սաղ բողոքում են ստուգումների առատությունից: Ինչքան էլ ուզում ես լավ մտադրություններով ստուգումներ իրականացնել, լրացուցիչ բեռ է լինում և երբեմն էլ անցանկալի արդյունքներ»,- ասաց Այվազյանը: Նրա կարծիքով`որևէ մեկը չի ուզենա, որ իրեն ստուգեն: «Մարդուն ինչքան քիչ են ստուգում, ավելի ազատ ու արխային է աշխատում: Էս ամեն ինչը տնտեսվարողների սրտից է: Տնտեսվարողներին ընդառաջ գնալու համար է սա: Ինչքան քիչ լինեն ստուգումները, այնքան լավ տնտեսության համար»,- նշեց ՀՀԿ-ականը:

Ըստ Այվազյանի, այս ամենը Հովիկ Աբրահամյան-Գագիկ Խաչատրյան հակասությունների շրջանակներում չէ: «Բացարձակապես այդպես չէ: Ի՞նչ կապ ունի դա: Հո ստուգումներո՞վ չի: Ստուգումներն իրականացվում են կառավարության համապատասխան մարմինները: Դե մենք սիրում ենք չէ՞ չեղած բանից եսիմ ինչեր սարքել: Համ էլ ո՞նց կարող է իրենց միջև հակասություններ լինել: Երկուսն էլ կառավարության անդամ են, շուտվա, հին ընկերներ են, շուտվանից իրար հետ աշխատում են: Համ էլ այս ամենի հետ ի՞նչ կապ ունեն ստուգումները: Ստուգումների պակասեցումը տնտեսական աճի ակտիվացմանն են միտված: Սա տնտեսվարողներին լրացուցիչ հնարավորություն է տալիս: Տնտեսվարողների վիճակը բարդ է և ավելորդ լարվածություն մեջ չընկնելու համար են ստուգումների նվազեցումները: Գիտեք ի՞նչ կա, թող եզան տակ հորթ ման չգան: Հենց մի քիչ լավ բան են անում, վռազ` սա ա, նա ա: Ո՞նց կարող են անձնականի հետ կապված հարցերը, ստուգումների նվազեցումը «պրիչին» դարձնել»,- եզրափակեց Այվազյանը: