կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-28 15:44
Քաղաքական

Պետք է պարզել, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին նման բան ասել. Վարդան Այվազյան

Պետք է պարզել, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին նման բան ասել.  Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, ասում է, որ եթե ինքը երկու-երեք ելույթ ունենա, իրեն կդարձնեն հանրապետության թիվ մեկ օլիգարխը:

 

Նշենք, որ ԱԺ նիստում Սևանի լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողելու որոշման վերաբերյալ քննարկումների ժամանակ Վարդան Այվազյանը ելույթ էր ունեցել` իր համաձայնությունը հայտնելով ջրի բաց թողնմանը, քանի որ գյուղացիներն այսօր ջուր չունեն ու կարող են արտագաղթել դրա պատճառով: Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վարդան Այվազյանը ոչ թե գյուղացիների դարդն է լացում, այլ` իր բիզնեսի ու իր շահերի, որովհետև Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է, թե Վարդան Այվազյանն էլ ձկնարդյունաբերության մեջ ունի լուրջ շահեր:

 

«Հերքելն էլ ո՞նց ա լինում: Եթե Նիկոլը նման բիզնեսի տեղը գիտի, տալիս եմ իրան: Որ ոլորտի մասին խոսում եմ, ասում են, թե ես այդ ոլորտում բիզնես ունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը:

 

Հարցին, եթե ձկնարդյունաբերության ոլորտում  ինքն իրականում բիզնես չունի, ապա ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը նման բան ասել Նիկոլ Փաշինյանին, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Չգիտեմ: Ես վստահ եմ, որ Հովիկ Աբրահամյանը կյանքում սուտ չի խոսում, բայց եթե նման բան ասած լինի, դուրս ա գալիս, որ սուտ ա խոսել»: Ապա հավելեց, որ դեռ Նիկոլ Փաշինյանից պետք է պարզել, թե Հովիկ Աբրահամյանը ինչո՞ւ է նրան նման բան ասել: