Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել անվանի կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն 15 տարի է` ամեն տարի այցելում է Հայաստան և, չնայած այն փաստին, որ ծնվել-մեծացել է Ֆրանսիայում, ամեն անգամ Հայաստան գալիս այնպիսի տպավորություն է` ասես տուն է վերադառնում:
«Այստեղ ընկերներ շատ ունեմ, ընկերներ, որոնք սպասում են քեզ, և ընկերներ, որոնք արդեն չկան: Երևանը կենսուրախ, գեղեցիկ քաղաք է երևում, բայց մի բանի համար եմ շատ ցավում` չեն վերանորոգում հին Երևանը, ամեն ինչ քանդում են և հետո միայն նորը սարքում: Այդպես չի լինում: Կարող են, հինը պահպանելով հանդերձ, նորը կառուցել, ինչն անում են շատ ու շատ երկրներ: Նոր շենքերը, որոնք հնի փոխարեն են կառուցվել, ինձ դուր չեն գալիս: Ի դեպ, ես նկարահանել եմ ֆիլմ Երևանի կենտրոնում, որտեղ էլ ցուցադրում եմ այդ բոլոր փոփոխությունները»,- ասաց Գեդիգյանը` հավելելով, թե դժվար է ասել` կանդրադառնա՞ր իր ֆիլմերում հայկական թեմային, եթե իր երակներով հայի արյուն չհոսեր:
Ըստ ռեժիսորի` իր ֆիլմերն անպայման ինքնակենսագրական տարրեր են պարունակում, դրա համար էլ դրանցում խոսում է հայերի մասին: «Գիտե՞ք` ցանկացած ֆիլմ նկարահանելիս սյուժեն պետք է իմը լինի, ինձ հուզի, հակառակ դեպքում` ուղղակի չեմ կարող աշխատել: Իմ ֆիլմերը իմ մի մասնիկն են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ֆիլմը Գեդիգյանի «Խենթ պատմություն»-ն էր` Ցեղասպանության թեմատիկայով: Ֆիլմի գլխավոր դերակատարը ֆիլմի վերջում ասում է, որ վաղ, թե ուշ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը, ինչի հետ կապված էլ Գեդիգյանին հարցրինք, թե ի՞նչ կասի ինքն այդ մասին: Ի պատասխան, նա նշեց, որ համամիտ է իր հերոսի հետ` մի օր կատարվելու է դա, որքան` շուտ, այնքան` լավ:
«Ցեղասպանության ճանաչման հետ կապված այս տարի բավականին առաջընթաց կա, հատկապես` Հռոմի պապի ելույթից հետո: Կարծում եմ, որ Թուրքիայում շատ շրջանակներում, առավել ևս` երիտասարդների մոտ, շատերն են աշխատում Ցեղասպանության ճանաչման համար, նրանք էլ չեն ուզում այդպես առաջ գնալ: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, դժվար է հստակ բան ասել, չեմ կարծում` հողերի վերադարձ կլինի, մի որոշ փոխհատուցում կլինի, բայց թե ի՞նչ, չգիտեմ: Գոնե սահմանները բաց լինեին, անցնեինք, շփվեինք»,- ասաց Գեդիգյանը: