կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 13:40
Մշակույթ

Ռոբեր Գեդիգյանն անկեղծացավ` իր ֆիլմը շոկի մեջ է գցել շատերին

Ռոբեր Գեդիգյանն անկեղծացավ` իր ֆիլմը շոկի մեջ է գցել շատերին

Անվանի կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը երկար ժամանակ ցանկացել է Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանել: «Իրականում ցանկանում էի այնպիսի ֆիլմ նկարել, որն արտացոլում է հայկական իրականությունը,- այսօր լրագրողներին ասաց նա:

Նշենք, որ Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմով էլ երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

Ըստ ռեժիսորի` թեև ֆիլմը դեռևս հասու չէ շատերին և շատ չի ցուցադրվել, սակայն այն շոկի է հասցրել շատերին: «Ինձ համար դժվար էր աշխատել սցենարի վրա, և սցենարի մի քանի տարբերակներ կային: Ֆիլմի միջոցով ուզում էի պատմել Ցեղասպանության մասին, ինչպես նաև նկարագրել մոր կերպարը, ով ֆիլմում ընդունում է իր որդու զոհողությունը: Մի փոքր գլոբալացնելով ֆիլմը` հայի պատմությունը դառնում է ամբողջ մարդկության պատմություն»,- ասաց Գեդիգյանը:

Հարցին, թե դժվար չէ՞ր նկարահանել ֆիլմ ԱՍԱԼԱ-ի մասին, նա պատասխանեց` ոչ, քանի որ ինքը մեծ կինոռեժիսոր է: «Ճշմարտությունը միշտ հեղափոխական է, ես երբեք չեմ փոխել այս կարծիքը: Ես ծնվել եմ Մարսելում, հայրս հայ էր, մայրս` գերմանուհի: Եես նկարահանել եմ ֆիլմեր իմ ամբողջ կենսագրության մասին, որի միջոցով էլ աշխարհի հետ խոսել եմ հայերի մասին, Ցեղասպանության մասին»,- ասաց նա:

Ռեժիսորը նաև նշեց, որ առաջին սերնդի համար Ցեղասպանությունը եղել է մի թեմա, որի մասին չէին խոսում տանը, այն մի կողմ էր դրված: Նրա կարծիքով` հարկավոր է չխոսել այդ թեմայի մասին, որպեսզի ինտեգրվես այն հասարակությանը, որտեղ ապրում ես, և հետո` հաջորդ սերունդը նոր սկսում է խոսել այդ մասին, բարձրաձայնել այն:

Գեդիգյանի կինը` անվանի դերասանուհի Արիան Ասկարիդը, ով «Խենթ պատմություն» ֆիլմում գլխավոր դերակատարներից է և կերպավորում է Արամի` տանից հեռացած եւ ԱՍԱԼԱ-ին միացած տղայի մոր կերպարը: Արիանը նշեց, որ մոր կերպարները շատ ծանր կերպարներ են. պետք է փորձես չընկնել մոր կարծրատիպի մեջ, որովհետև ֆիլմում մոր կերպարը տարօրինակ կերպար է:

Yerkir.am-ի հարցին, թե հոգեբանորեն դժվա՞ր էր կատարել մոր դերը, ով նախ` ստիպված է լինում ընդունել տղայի մեղքը մի շարք սպանություններում, հետո տեսնում է որդու սպանությունը, Ադրիանը պատասխանեց, թե`ոչ: «Դա իմ աշխատանքն է: Ես` ինքս, մայր եմ, ուրեմն… Մյուս կողմից` մայրը դժվարին կացության մեջ է հայտնվում` որդու արածը` մի կողմից, մյուս կողմից` ցավն ու պատասխանատվությունը ճնշում են նրան»,- ասաց դերասանուհին:

Ի դեպ, «Խենթ պատմություն» ֆիլմը նոյեմբերին նոր կցուցադրվի Ֆրանսիայում և հաջորդ տարի միայն այլ երկրներում: