Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անվանի կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը հանդես եկավ վարպետության դասով: Ներկայացնում ենք Գեդիգյանի խոսքը:
Թե ինչու Գեդիգյանը հայերեն չի խոսում
Ծնվել եմ Մարսելում, որը Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է: Մայրս գերմանացի է, հայրս` հայ, դրա համար էլ ես չեմ խոսում հայերեն, քանի որ լեզուն լինում է մայրենի: Այո, ես նաև ֆրանսերեն եմ խոսում, հայերեն հասկանում եմ, խոսում, բայց ոչ շատ լավ:
Մուտքը ֆիլմաշխարհ
Կինոյով զբաղվում եմ երկար տարիներ, իսկ առաջին ֆիլմս նկարահանել եմ, երբ 26 տարեկան էի: 19 ֆիլմ եմ նկարել, որոնցից միայն 3-ն են Հայաստանի մասին: Կինոյի աշխարհ պատահաբար եմ հայտնվել. մի մարդ, որն արդեն մի շարք ֆիլմեր էր նկարահանել, առաջարկեց իր համար սցենար գրել: Ես 22 տարեկան ուսանող էի այդ ժամանակ: Առաջարկն ընդունեցի և, երբ սկսեցի գրել, մի քանի օր հետո հասկացա, որ այն ինձ համար եմ գրելու: Նարցիսիզմի ռեֆլեքս ունեցա, և դրանով սահմանափակվեց իմ` ուրիշների համար սցենար գրելը, քանի որ ես չեմ ուզում, որ իմ պատմությունն ուրիշը ներկայացնի:
Ի՞նչ է պետք ֆիլմ նկարահանելու համար
Ֆիլմ նկարահանելու համար մարդ պետք է ունենա ուժեղ ցանկություն` մարդկանց հետ խոսել բոլոր հնարավոր միջոցներով: Կինոյի աշխարհը բավական դժվար է, կինոն ծիծաղելու համար չէ, կինոյով չեն զբաղվում դերասանուհիներին տեսնելու, ուղղակի կինոյի ոլորտ մտնելու համար: Կինոյով զբաղվելու համար ամեն առավոտ պետք է թերթեր կարդալ. հենց այդտեղից էլ ծնվում են մտքեր, մոտիվներ, որոնք փոխելով էլ մենք կինո ենք ստեղծում: Այն ամենը, ինչ տեղի է ունենում օրվա ընթացքում, կարող է ֆիլմ դառնալ, օրինակ` այսօրվա հանդիպումը կարող է ֆիլմի սկիզբ լինել: Իհարկե, պետք է շատ աշխատել ֆիլմ ստեղծելու համար, պետք է գրքեր կարդալ շատ, այցելել թանգարաններ, մի խոսքով` մշակույթի հետ ծանոթ լինել, քանի որ քո իմացությունը կամ չիմացությունն անպայման երևում են քո ֆիլմերում:
Ինչո՞ւ Գեդիգյանը թողեց քաղաքականությունը
Երբ շատ երիտասարդ էի, զբաղվում էի նաև քաղաքականությամբ: Իմ նշանաբանն է` մարդ չի կարող ապրել միայն ինքն իր համար: Դրա համար էլ պետք է երկխոսության մեջ մտնել իրար հետ, մտքեր փոխանակել, որպեսզի կարողանանք հասկանալ աշխարհը, որտեղ ապրում ենք և կարողանանք փոխել այն: Երիտասարդ տարիքում ես ամբողջությամբ քաղաքականության մեջ էի: Քաղաքականությունից դուրս եկա աշխատավայրում անհամաձայնությունների պատճառով: Պետք է խոստովանեմ` բոլոր իմ քաղաքական մտքերն արտահայտվում են իմ ֆիլմերում:
Կինոն` Ֆրանսիայում
Մենք Ֆրանսիայում ավելի շատ արտասահմանյան ֆիլմեր ենք տեսնում, քան ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Ֆրանսիայում տարեկան մոտ 200 ֆիլմ է նկարահանվում, 40 ֆիլմի պրեմիերա է լինում, նաև կինոգետների անընդհատ թարմացում է գնում: Ֆրանսիայում շատ լավ են ճանաչում Արտավազդ Փելեշյանին, Փարաջանովին, և ամենևին էլ զարմանալի չի լինի, որ ֆրանսիական գյուղերից մեկում տեսնեք Փարաջանովի անվան փառատոն: Ես Ֆրանսիայում ամենաշատը կինոն եմ սիրում, մնացածն ինձ դու չի գալիս, ինչպեսև գինին ու պանիրը:
30 տարի` նույն դերասանների հետ
Իմ աշխատաոճի մեջ շատ առանձնահատուկ բաներ են տեղի ունեցել, որոնց մասին ես սկզբնական շրջանում չէի մտածել: Ես 30 տարի շարունակ աշխատել եմ նույն դերասանների հետ, բայց սա մի ձև է, որը ես չեմ կարող խորհուրդ տալ բոլորին. դա իմ ձևն էր: Իմ բոլոր ֆիլմերում հիմա կան կերպարներ, որոնք իմ տարիքին են: Մենք մի հսկայական խումբ ենք կազմում և կարող ենք աշխատել բոլոր ժանրերում: Մեր թիմում կան քույր ու եղբայրներ, ամուսիններ, նաև` սիրեկաններ: Մի ֆիլմ եմ նկարում, որտեղ հերոսները երեքն էլ քույր ու եղբայրներ են, մի բան, որը երբեք չէի արել: Վերջերս հասկացա, որ հիմա արդեն աշխատում եմ նրանց զավակների հետ, որոնց հետ ժամանակին աշխատել եմ:
Գեդիգյանի ներշնչանքի աղբյուրը
Իմ ներշնչանքի աղբյուրը ես եմ, այսինքն` իմ հարաբերությունները, հանդիպումները մյուսների հետ, իմ` թերթ ընթերցելը: Չնայած դրան` պետք է նշեմ նաև, որ իմ մտքերն ու գաղափարներն ավելի շատ են, քան իմ ֆիլմերը, և երբեք չես կարող բացատրել ընտրությունը, թե ինչո՞ւ ես կոնկրետ այդ միտքը ֆիլմ դարձնում:
Համացանցի խերն ու շառը` ըստ Գեդիգյանի
Համացանցը որոշակի կերպով կարող է օգնել որոշ ֆիլմերի տարածմանը, որոնք դժվար է տեսնել, որովհետև որոշ երկրներում չկան շատ կինոդահլիճներ: Ինտերնետում մի բան կա, որն ինձ դուր չի գալիս` կոլեկտիվ կինոդիտում չկա: Գիտե՞ք, երբ կինոդահլիճում ես ֆիլմ դիտում, դա, իմ կարծիքով, դեմոկրատիայի դրսևորում է: Ֆիլմի անհատական սպառումը մի բան է, որն, իմ կարծիքով, պակաս հետաքրքիր է:
Գեդիգյանի և դերասան Սիմոն Աբգարյանի համագործակցության մասին
Դերասանը, ինչպես ցանկացած մարդ, հավերժական է, չի սպառվում: Դերասանը, ինչպես և մյուսները, ժամանակի ընթացքում փոխվում է: Բոլորի մեջ կան ռեսուրսներ, որոնք անսահման են, վերջ չունեն, մեր անձն անսպառ է: Սիմոնն իմ ընկերն է, մեծ դերասան և մարդ, ով խիստ մտահոգված է Հայկական հարցովջ: Առանց Սիմոնի ես չեմ կարող իմ ֆիլմերը նկարել:
Գեդիգյանի կինը` հայտնի դերասանուհի Արիան Ասկարիդը, իր կարիերայի և ամուսնու հետ աշխատելու մասին
Ես ոչ մի ազդեցություն չունեմ այն սցենարների վրա, որոնք գրում է Ռոբերը, որովհետև մտածում եմ, որ հետո պիտի տանջվենք: Կինոյում բոլոր հարաբերությունները հիերարխիկ ձևով են կառուցված. Ռոբերի առաջին ֆիլմի ժամանակ կարծում էի` կարող եմ միջամտել, բայց հետո հասկացա` դա սխալ է` նա է ռեժիսորը, ես` դերասանը:
Ես նրան օգնում էի ինձ հատկացված դերի միջոցով: Գիտե՞ք, չէ՞, բոլոր ռեժիսորները վախենում են դերասաններից, որովհետև մտածում են, որ դերասանները կարող են իրենց դավաճանել: Ռեժիսորին պետք է հասունություն, որպեսզի կարողանա հասկանալ, որ դերասանը կարող է օգնել իրեն: Վիրտուոզ լինելը շատ հեշտ է, դժվարը կերպարը մինչև վերջ բացահայտելն է: Դերասան լինելու համար պետք է շատ քիչ նարցիսիզմին հարես, իսկ ռեժիսորները մի քիչ ավելի շատ են ինքնասիրահարված: Այո, ես շատ եմ խաղում Ռոբերի ֆիլմերի մեջ, և դա ամուսնական պայմանագիր է /ասում է` ծիծաղելով/:
Կարինե Հարությունյան