Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով «Երաժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով մասնակցել է ՄԻԴԵՄ միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացրել է «ՊրոԱրտ» ընկերությունը: ՄԻԴԵՄ-2015 փառատոնին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, ֆրանսահայ անվանի ռեժիսորներ Ալեն Թերզյանն ու Ռոբեր Գեդիկյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Որպես ՄԻԴԵՄ-2015 փառատոնի Հայաստանի խոր¬հրդանիշ ընտրվել էր ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը: Հատուկ ՄԻԴԵՄ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում: Չորս օրերի ընթացքում Կաննում թևածում էր հայկական շունչը. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում հնչում էր հայ դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ երաժշտությունը:
Հունիսի 5-ին, «Պալե դե ֆեստիվալի» «Ռիվերա» սրահում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը նախորդող մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանը, «Հայհեղինակ» կազմակերպության ղեկավար Ս. Ներսիսյանը, «Կատուներ» ջազ համույթի ղեկավար Վ. Հայ-րապետյանը, «ՊրոԱրտ» ընկերության տնօրեն Ռ. Տոնիկյանը: Մասնակիցները ներկայացրեցին հայաստանյան տաղավարի հայեցակարգն ու բաղադրիչները:
Հունիսի 6-ին, «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը: Հայաստանյան տաղավարը բաղկացած էր երաժշտարվեստի ոլորտում ստեղծված տեսա, ձայնա և մուլտւմեդիա սկավառակների, երաժշտական գրականության, Հայաստանը ներկայացնող ալբոմային գրականության, հայկական երաժշտական դաշտում գործող բոլոր կազմա-կերպությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների, երաժշտագիտական գրականության և այլ բաժիններից: Տաղավարում ներկայացված էր նաև Ռ. Անգալադյանի «Երևան-Փարիզ 1915-1940 թթ.» գիրք-ալբոմը, Ա. Սիրանոսյանի «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում» գիրքը: Բացմանը Հայաստանի տաղավար է այցելել Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Ֆլյոր Պելլերենը: Երեկոյան Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարը Ֆրանսիայի արվեստի ու գրականության շքանշանով պարգևատրել է Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Ապա, Ֆրանսիայի մշակույթի նախարարին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Հայոց ցեղասպա¬նության 100-րդ տարելիցին նվիրված «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից: «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:
Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայկական երա¬ժշտարվեստին: Դասախոսություններով հանդես են եկել Ծովինար Չալոյանը «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը», Ա. Սիրանոսյանը «Հայը աշխարհի կոմպոզիտորների օպերաներում», Մ. Նավոյանը «Հայ մոնոդիկ երաժշտությունը», Ն. Կոստանդյանը «Կոմիտասի ժառանգությունը և Կոմիտասի թանգարանը», Կ. Բրութտյանը «Հայ ժողովրդական նվագարանները», Գ. Դաբաղյանը «Դուդուկը և նրա երաժշտությունը» թեմաներով:
Հունիսի 5-7-ը յուրօրինակ ցուցադրությամբ ներկայացվել են նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու նոր մեծամասշտաբ գեղանկարները և կատալոգը, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները:
ՄԻԴԵՄ-2015 փառատոնի շրջանակում հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման և հայապահպանության համար Ռոզի Արմենը և Ռոբեր Գեդիկյանը՝ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են «Պատվո շքանշանով»: Կաննում Հայաստանը լիարժեք ներկայացված էր նաև վիզուալ առումով. այդ օրերին քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին: