Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո պաշտպանության համակարգում մի շարք փոփոխություններ եղան, և շատերն ազատվեցին պաշտոններից: Ուշագրավ է, որ պաշտոնից հեռացումը չէր ուղեկցվում նաև պատասխանատվությամբ. պատասխանատվությունն այս դեպքում միայն պաշտոնից ազատելն էր լինում:
Yerkir.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծիք հայտնեց, որ բոլոր չարաշահումները, կոռուպցիոն դրվագները, այն ամենը, ինչ քանդում է պետությունը և ցանկացած ոլորտ պետության մեջ, կրում է ոչ թե անհատական, այլ համակարգային բնույթ:
«Անհատներին պաշտոնանկ անելով և համակարգը չվերանայելով, կարծում եմ, որևէ բան չի փոխվի, որովհետև եթե համակարգը մնա նույն ձևով, կգան նոր մարդիկ և, ուզած-չուզած, պետք է հարմարվեն դրան: Ապրիլյան դեպքերի ժամանակ հասկացանք, որ բոլոր հեքիաթները, թե պաշտպանության համակարգը կտրուկ առանձնանում է մնացած ոլորտներից, չի համապատասխանում իրականությանը և չէր էլ կարող համապատասխանել. այդպես չի լինում, որ երկրում մի ոլորտ առանձնանա իր գործունեությամբ, սկզբունքներով ու մոտեցմամբ»,- ասաց Բաբայանը:
Նրա կարծիքով` խոսքը պետք է գնա ոչ միայն պաշտպանության նախարարության մասին, այլև ամբողջ պետական կառավարման համակարգային ձևը փոխելու: «Ուրիշ ձևով պետք է արվեն նշանակումները, և ոչ թե յուրայինները պետք է գան առաջ, այլ լավերը, որովհետև կարիերային աճ ունենալու ցանկությունը բնորոշ է յուրաքանչյուրին, և սա վատ բան չէ: Ուրիշ հարց է, թե այդ կարիերայի աճն ինչպես է տեղի ունենում` յուրային դառնալո՞վ, թե՞ մասնագիտության մեջ խորանալով»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` պետք է հասկանանք, որ մեր համակարգը դեռ խորհրդային է` համատարած կոռուպցիա, ոչ ազատ դատարաններ, գողություն` այն ամենը, ինչ կար նախկինում:
«Մի անգամ ևս բերել եմ այս օրինակը, որ երբեք այդքան զոհ չէինք ունենա Սպիտակի երկրաշարժի ժամանակ, եթե համատարած շինարարական գողություն տեղի ունեցած չլիներ: Այս ամենը շարունակվում է նույն ձևով ու բոլոր ոլորտներում: Նայեք` ո՞ւմ են նշանակում պաշտոնների, չէ՞ որ տեսնում ենք, որ պաշտոնյաների երեխաները միանգամից ինչ-որ ոլորտներ են մտնում` հարկայինում, ֆինանսների նախարարությունում, մաքսատանը: Հասկանում ես, որ սա մի մեծ սարդոստայն է, և ժամանակ առ ժամանակ այդտեղից որևէ փոքրիկ սարդի հեռացնելը չի նշանակում, որ սարդոստայնն այլևս չկա»,- ասաց Բաբայանը:
Հարցին, թե արդյո՞ք պաշտոնից հեռացնելը լուծում է նաև պատասխանատվության կանչելու հարցը, պատասխանեց, թե խնդիրն այն է, որ պատասխանատվություն պետք է կրեն բոլոր օղակները: «Ձեր կարծիքով` կաշառք վերցնող դասախոսն ավելի վերևներին չի՞ տալիս փող: Եթե, իսկապես« դասախոսի` աշխատանքից ազատման գործը շարունակվի և պարզվի, որ դասախոսը մասնաբաժին է տալիս դեկանին, դեկանը` ռեկտորին, նոր միայն հաջողության կհասնենք: Ցանկալի արդյունք կունենանք այն ժամանակ, երբ կբացառենք նման վարվելաձևը և կաշառք վերցնելը: Ընտրություն կեղծելը մեծագույն հանցագործություն կհամարվի, քանի որ դա բռնաբարում է մարդու ազատ կամքը. ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում ֆիզիկական բռնության և մարդու ձայնի իրավունքի բռնաբարության միջև: Ուստի` քանի դեռ երևույթն ինքը դատապարտելի չէ մեզ համար, 1-2 ազատումով հարցը չի լուծվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Բաբայանի համոզմամբ` հասարակության կրթական ցածր մակարդակի մասին է փաստում հանգամանքը, երբ ուրախանում են ինչ-որ մեկին պաշտոնից հեռացնելու դեպքում: «Հանեցին, եկավ նորը, հետո՞, համակարգը փոխվե՞ց, ո՛չ: Ես որևէ հաճույք չեմ ստանում այս փոփոխություններից: Արմատական փոփոխություններ են պետք համակարգի մեջ»,- ասաց նա: