կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 13:16
Հասարակություն

Նազարյանը սպասում է`ՀԷՑ-ի նոր տնօրենը «մի վեց ամիս աշխատի», նոր համեմատի Բիբինի հետ

Նազարյանը սպասում է`ՀԷՑ-ի նոր տնօրենը «մի վեց ամիս աշխատի», նոր համեմատի Բիբինի հետ

Դեռ վաղ է խոսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Եթե այս իրավիճակը պահպանվի, որն ունենք այսօր, կարծում եմ` կխուսափենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԷՑ-ում ուսումնասիրություններ իրականացնող խորհրդատվական ընկերությանը` Նազարյանը հայտնեց, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են, իսկ երկրորդ փուլն ամենաուշը մյուս շաբաթ կավարտվի:

Հարցին` հանդիպումներ եղե՞լ են ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, նա պատասխանեց, թե ինքը երբեք Սամվել Կարապետյանի հետ չի հանդիպել: «Նրանց հայտարարություններից ես գիտեմ, որ հակաճգնաժամային ծրագիր են մշակել, սակայն դեռևս մանրամասնություններով չգիտեմ: Կարծում եմ` կայքում կհրապարակեն, և մենք բոլորս էլ կտեղեկացվենք»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Հարցին, թե ՀԾԿՀ-ն ունի՞ տվյալներ` ձմռան ամիսներին միջին խավը քանի կիլովատտ էլեկտրաէներգիա է սպառում, քանի որ կան դժգոհություններ, որ 250 կՎտ-ից շատ է, Նազարյանը պատասխանեց. «Մենք ունենք վիճակագրական տվյալներ, և տարեկան միջին խավը 190-ից 200 կիլովատտ է ծախսում, 250-ից չի անցնում»:

ՀԾԿՀ նախագահը խոսեց նաև ՀԷՑ-ի նորանշանակ տնօրեն Կարեն Հարությունյանի մասին, ըստ նրա` Հարությունյանը պետք է որոշ ժամանակ աշխատի, որ հնարավոր լինի համեմատել Բիբինի հետ: «Մի 6 ամիս չաշխատի՞, որ համեմատելու բան լինի: Նոր տնօրենը այլ պաշտոնում է աշխատել: Մարդիկ կարող են մի պաշտոնում շատ լավ աշխատել, մյուսում` վատ, և հակառակը»,- ասաց Նազարյանը: