կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-04 13:02
Հասարակություն

Ոստիկանությունը զգուշացրեց, որ որոշ ցուցարարների կողմից նախապատրաստվում են նոր սադրանքներ

Ոստիկանությունը զգուշացրեց, որ որոշ ցուցարարների կողմից նախապատրաստվում են նոր սադրանքներ

Այսօր Բաղրամյան պողոտայում բանակցություններ էին ընթանում ցուցարարների և ոստիկանների միջև` Բաղրամյան պողոտան ազատելու վերաբերյալ: Այստեղ էր նաև ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով ցուցարարներին ասաց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի այն մասին, որ ուշ գիշերին որոշ ցուցարարներ, որոնք իրենց համարում են կազմակերպիչներ,  որոշել են վրաններ տեղադրել Բաղրամյան պողոտայում, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ, փակել այլ փողոցներ, որովհետև արդեն անհետաքրքիր է և մի բան պետք է փոխել:

«Դրանք ձեզ քաջ հայտնի անուններ են, ես հիմա չեմ հնչեցնի, բայց ուզում եմ, որ դրա մասին դուք իմանաք` որոշ ժամանակ անց դուք ինքներդ կլսեք նրանցից, ոչ` մեզնից, բայց ուզում եմ, որ իմանաք դրա մասին, որովհետև նրանք արդեն կայացրել են որոշում: Դուք կտեսնեք, որ որոշ անձինք դրա մասին հայտարարելու են»,- ասաց Աշոտ Ահարոնյանը` հորդորելով, որ ցուցարարներն ուշադիր ու զգոն լինեն` թույլ  չտալով, որ այլևայլ բաներ առաջանան:

Նա հավելեց, որ, միևնույն է, ոստիկանույթունը չի պատրաստվում ուժ  կիրառել ժողովրդի նկատմամբ, այն կկիրառվի միայն այն դեպքում, երբ իրականացվեն անօրինական գործողություններ:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավելեց, որ որոշ ուժեր օգտագործում են ցուցարարներին և ստեղծված իրավիճակը իրենց ինչ-ինչ շահերի համար: