կարևոր
613 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-12 16:04
Քաղաքական

Պատահական չէր, որ Գալուզինը զգուշացրեց Բաքվին և Երևանին

Պատահական չէր, որ Գալուզինը զգուշացրեց Բաքվին և Երևանին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի «Իզվեստիա»-ին տված հարցազրույցից հետո, երբ նա հայտարարեց, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը, «որոնց հետ մեզ կապում են դաշնակցային հարաբերություններ, մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի եւ կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում, այլ ոչ թե «ական» կդնի ապագա սերունդների համար», եւ որ «մենք դեմ ենք՝ ինչ-որ վաղահաս փաստաթղթեր կնքվելուն, ինչպես պնդում է արեւմտյան հարթակը», Բաքվի ԶԼՄ-ներում հայտնվել են մեկնաբանություններ, որոնցում կան պնդումներ, թե «Մոսկվան դեմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրին»: Որպես պատճառներ նշվում է այն, որ այն դուրս է բերվել խաղաղապահ գործընթացից եւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առանց նրա մասնակցության արեւմտյան հարթակներից մեկում:

Այսպիսով, կայուն զգացողություն է առաջանում, որ կա ինչ-որ պայմանավորվածություն խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, իսկ Գալուզինի հայտարարությունը կրում է կանխարգելիչ բնույթ, եթե նկատի ունենանք նրա խոսքերը «հապճեպ, չմտածված եւ մինչեւ վերջ չհստակեցված որոշումների մասին»: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Բանն այն է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով: Մոսկվան միջնորդի դիրքից դուրս մղելուց հետո դրանք մի ժամանակ անցնում էին արեւմտյան հարթակներում, եւ այդ ուղղությամբ հատուկ ջանքեր էր գործադրում ԱՄՆ նախկին վարչակազմի ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը: Նաեւ հայտարարվեց՝ պայմանագիրը համաձայնեցվել է գրեթե 90%-ով` 17 հոդվածներից 15-ով, եւ թվում էր, թե շուտով փաստաթուղթը կստորագրվի: Այնուհետեւ որոշակի փակ անհամաձայնությունների պատճառով Բաքուն եւ Երեւանը միմյանց համար անընդունելի պահանջներ առաջ քաշեցին եւ բանակցային գործընթացում դադար առաջացավ։

Ներկա իրավիճակն ունի մի շարք կարեւոր առանձնահատկություններ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն իր գրեթե բոլոր ձախողումների համար սկսեց մեղադրել Ռուսաստանին եւ արտաքին քաղաքական դրեյֆ նախանշեց դեպի արեւմուտք։ Այնուհետեւ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին Գրոզնիի վրա ադրբեջանական ուղեւորատար ինքնաթիռի ողբերգական միջադեպից հետո ոչ այնքան հասկանալի բարդություններ սկսվեցին նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում, թեեւ Պուտինը ներողություն խնդրեց այդ ողբերգութայն համար: Այդ պատճառով այնպիսի տպավորւթյուն է ստեղծվում, որ հենց Ռուսաստանի համար «ոչ բարենպաստ» բացերի մեջ են որոշ ուժեր փորձում խցկել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ընդ որում՝ չի կարելի բացառել Թրամփին դա մղելու փորձերը` հաշվի առնելով արագ «խաղաղ լուծումների» նրա հակվածությունը։ Տեսական մակարդակում դա հնարավոր է: Սակայն Բաքվի ԶԼՄ-ների մեկնաբանություններից մեկում, որը պատրաստվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի բոլոր հատկանիշներով, նշվում է՝ նախ ԱՄՆ-ն անորոշություն ունի Հայաստանի նկատմամբ, ինչը ցույց տվեց վարչապետի վերջին այցը ԱՄՆ: Երկրորդ` լուրջ նշաններ կան, որ Թրամփը Անդրկովկասում Ռուսաստանի դեմ «խաղ» չի վարի: Այդ ժամանակ «խաղի» մեջ, դարձյալ տեսական մակարդակով, կարող է մտնել Թուրքիան` տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերի համատեքստում` Եվրոպայի հետ համատեղ: Բայց արդյո՞ք այդ կուրսը կաջակցի Հայաստանի բնակչությանը։ Մի խոսքով, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ «առկախված», եւ Ադրբեջանի ու Հայաստանի յուրաքնչյուր քայլ ունենալու է ամենալուրջ հետեւանքները: Այս մասին եւս մեկ անգամ հիշեցրել է Գալուզինը», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի